Եթե ԱԺ նախագահը մարդ է փնտրում, թող գտնի՝ շատ են. Բագրատ սրբազան
Մարտի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Տավուշից տարածքներ, գյուղեր Ադրբեջանին զիջելու մասին, ասել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»:
ԱԺ նախագահը, սակայն, այդպես էլ չի ասել՝ արդյոք Ադրբեջանը հետ կքաշի՞ իր զորքերը ՀՀ այն տարածքներից, որտեղ ներխուժել է 2020 թվականի պատերազմից հետո։
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ միաժամանա՞կ է լինելու, թե՞ ոչ, բայց այդ պրոցեսները պետք է զուգահեռ տեղի ունենան: Նկատի ունեմ, որ նույն գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենան: Այդ պրոցեսը սահմանի ամբողջ երկայնքով պետք է շարունակականություն ունենա»,- ասել է Սիմոնյանը։
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախ հռետորական հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ամեն «խելահեղի խոսք» պետք է մեկնաբանի, այնուհետև հավելեց՝ եթե ԱԺ նախագահը մարդ է փնտրում, թող գտնի, այդպիսիք շատ են։
«Իրեն պետք է հիշեցնել, որ Աղդամն իր հայրենիքն էր…
Այո, հայկական են, և դեռ ավելին՝ ոչ մի քննարկման թեմա չէ, նույնիսկ նյութ չէ։ Իրենք իրենց քաղաքական պարտվողական կա՛մ հանձնվողական, կա՛մ այլ նպատակներով գուցե փորձում են մեզ համոզել այն թեզերը, որոնք թշնամին է մատուցել ու մատուցում, կամ պարտադրում է իրենց, իրենք էլ փորձում են մեզ պարտադրել»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
Սրբազանի բնորոշմամբ՝ ՀՀ իշխանություններն այդ ամենն ավելի լավ են անում, քան թշնամիները։
«Թշնամին հիմա նստած լուռ լսում է, թե իր ներկայացուցիչները մեր երկրում ինչպիսի թեզերով են փորձում ահաբեկել, համոզել, հեգնել բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն։
Ես միշտ ասել եմ, որ սա Տավուշի գյուղերի հարց չէ, բացարձակ, սա Հայաստանի, հայ ժողովրդի գոյության իրավունքի հարցն է և սա այդ մեծ պատկերի մեջ է պետք դիտարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։
Սա ո՛չ միջգյուղական հարաբերություների ճշգրտման հարց է, և ո՛չ էլ ինչ-որ տարածքների մասին խոսակցություն, սա մեր գոյության ու իրավունքի հարցն է։ Հետևաբար, ովքեր խանգարում են այդ գոյության և իրավունքի իրացմանը, պետք է հեռանան կամ հեռացվեն»,- եզրափակեց Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։