Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը
Կառավարությունը ապրիլի ընթացքում կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ապահովման ծրագիրը։
Կառավարության նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե՛ մեր նախարարությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, նաև մարզային քննարկումներ ենք կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, կատարենք և բերենք այնպիսի տեսքի, որ դրա իրականացումը լինի սահուն ու հարթ։ Կարծում ենք, որ ապրիլի ընթացքում այդ ծրագրի վերջանական տեսքը կարող ենք ներկայացնել։ Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններն են պարզ։ Շատ մեծածավալ ծրագիր է, խոսքը վերաբերվում է 25-ից 30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել։