
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը 90 տոննա մարդասիրական օգնություն են նետել Գազայի հատվածի հյուսիս։ Սա ամենամեծ խմբաքանակն է, որն անկլավ է հասցվել օդային ճանապարհով օգնության մատակարարումների մեկնարկից ի վեր: Այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը X սոցիալական հարթակում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ գործողությունն իրականացվել է երեք ինքնաթիռների միջոցով։ 90 տոննա պարենային և մարդասիրական օգնությամբ բեռները նետվել են «Գազայի հատվածի հյուսիսային մեկուսացված և անմատչելի շրջաններ»:
Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հայտարարություն է տարածել, որում նշվում է ԱՄԷ-ի և Հորդանանի կողմից օդային ճանապարհով Գազա օգնություն հասցնելու երրորդ գործողության մասին։
Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալների, օդային միջանցքի միջոցով պաղեստինյան անկլավ է հասցվել 664 տոննա պարենային և մարդասիրական օգնություն։
Որպես կանոն, մարդասիրական օգնությունը Գազայի հատված է հասցվում Եգիպտոսից ցամաքային ճանապարհով՝ «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ Սակայն սահմանային անցակետում բեռնատարների շարասյուն է կուտակվել այն պատճառով, որ Իսրայելի իշխանությունները հաճախ ուշացնում են դրանց մուտքը։ Բացի այդ, անկլավում ցամաքով օգնության բաշխումը նույնպես դժվար է՝ շարունակվող մարտական գործողությունների պատճառով:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։