Բաժիններ՝

Աիդա և Շառլ Ազնավուրների կյանքի հետաքրքիր դրվագները` «Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացման մեջ

«Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացման գլխավոր հերոսները Աիդա և Շառլ Ազնավուրներն են: Միմյանց նկատմամբ չափազանց ջերմ, միմյանց նվիրված քույրն ու եղբայրը պոետիկ լեզվով պատմում են իրենց ընտանիքի պատմությունը, ներկայացնում են Ազնավուրների ամուր կապը Միսաք Մանուշյանի հետ, Շառլ Ազնավուրի ճակատագրական հանդիպումն Էդիթ Պիաֆի հետ, հիշեցնում են այն դժվարությունները, որոնք հաղթահարել են մինչ երաժշտությամբ Փարիզը, այնուհետև աշխարհը նվաճելը:

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում Ազնավուրի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Աղբարիկս» (Իմ փոքր եղբայրը) ինքնակենսագրական գրքի հիման վրա բեմադրված ներկայացումը վերադարձավ երևանյան բեմ:

Այն «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ շանսոնյեի երկրպագուներին ներկայացվեց մարտի 25-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Շառլ Ազնավուրը հանճարեղ էր, սակայն, նախևառաջ, նա իմ հայրն էր, հայր, որի հետ շատ էինք զրուցում, որի հետ ձևավորում էի իմ գրական ճաշակը, ուղևորությունների հանդեպ մեր սերն անսպառ էր, երկուսիս միավորում էր նաև տարբեր երկրների խոհանոցները բացահայտելու բացառիկ հակվածությունը»,-ասում է Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Նա ներկայացումն առաջին անգամ է դիտում, սակայն կարդացել է հորաքրոջ գիրքը: Ուրախ է, որ բեմադրությունը երևանյան բեմում է, և այն հանդիսատեսը, որը ֆրանսախոս չէ, հնարավորություն կունենա բացահայտել պատմությունը հայերեն ենթագրերի շնորհիվ:

«Աիդա և Շառլ Ազնավուրների միջև մանկության տարիներին ձևավորված կապը մինչև Շառլ Ազնավուրի կյանքի վերջը ամուր էր: Ճամփորդությունների, համերգների շրջանում նրանց հանդիպումները քիչ էին, բայց ամեն հանդիպում սիրո ու մտերմության տոն էր»,-նշում է Նիկոլա Ազնավուրը:

Նրա տիկինը՝ Քրիստինա Ազնավուրը, բարձր է գնահատում Ազնավուրների ընտանիքում ձևավորված ընտանեկան ավանդույթները, որոնք պահպանվում են մինչ օրս: «Նրանք չէին ապրում Հայաստանում, բայց կարողանում էին պահպանել հայկական ավանդույթները: Կարծում եմ՝ այս ներկայացումը ցույց է տալիս, թե ինչու էր այդպես»,-նշում է նա:

Ազնավուրի 100-ամյակի առթիվ շանսոնյեի արվեստի երկրպագուները կկարողանան ունկնդրել նրա մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուր»-ը։ Ֆիլմում ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ դերասաններ են ընդգրկված: Ազնավուրի դերը կերտել է Թահար Ռահիմը:

Անդրադառնալով կինոնկարին՝ Քրիստինա Ազնավուրը տեղեկացնում է՝ նկարահանումներն ավարտված են, սակայն հստակ չի կարող ասել՝ այն Կաննում կներկայացվի, թե ոչ:

«Թահար Ռահիմը շատ տաղանդավոր դերասան է: Երբ մասնակցում էինք նկարահանումներին, նա մեզ զարմացրեց իր խաղով: Նա ֆիզիկապես նման չէ Ազնավուրին, բայց փայլուն է սերտել նրա ժեստերը, շարժումները»,-նշում է Քրիստինա Ազնավուրն ու հույս հայտնում, որ ֆիլմը դուր կգա մարդկանց:

Վերադառնալով «Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացմանը՝ նա հիշեցնում է՝ այն բեմադրել է Գայետան Վասարը՝ համագործակցելով ծագումով իսպանացի դերասանուհի Լոռ Ռոլդանի հետ: Գաղափարի հեղինակը Արմեն Վերդյանն է: Ներկայացման մեջ Աիդա Ազնավուրի կերպարը կերտել է Լոռ Ռոլդանը, իսկ Շառլ Ազնավուրին մարմնավորում է ֆրանսահայ դերասան Գրիգոր Դաշնակյանը:

Նրանց հաջողվում է երբեմն զուսպ, երբեմն համարձակ ու անսանձ խաղով մարմնավորել Ազնավուրների կյանքում մեծ դերակատարություն ունեցած մարդկանց, իրենց աչքերով ներկայացնել ժամանակաշրջանը, պատերազմն ու հաղթանակը:

Ներկայացման մեջ Ազնավուրն ասում է՝ հաղթելու համար չպետք է վախենալ ժողովրդից, սեփական թերությունները պետք է վերածել առավելությունների ու հնարավորություն տալ մարդկանց գնահատել դրանք:

«Այս ներկայացման պատմությունը սկսվում է 2018-ին, երբ Շառլ Ազնավուրը դեռ ողջ էր: Ծանոթանալով Աիդա Ազնավուրի գրքին՝ որոշեցինք այդ հետաքրքրական պատմությունները վերածել բեմադրության, որը 2019-ին ներկայացվել է Հայաստանում: Այն խաղացել ենք Երևանում, Գյումրիում, Գորիսում: Այն ժամանակ էլ մեր գործընկերների շարքում էին «Ազնավուր» հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը»,-հիշեցնում է Արմեն Վերդյանը:

Նա ուրախ է, որ ներկայացումը կրկին երևանյան բեմում է ու ցավում է, որ շանսոնյեն այն չհասցրեց դիտել: Վերդյանը հույս ունի՝ մի օր ներկայացումը կխաղան Աիդա Ազնավուրի ներկայությամբ:

«Շառլ Ազնավուրի հանճարի, այդ երևույթի հաջողության պատասխանը պետք է փնտրել նրա գեների մեջ, ընտանիքի ու ծնողների պատմության մեջ, ինչը շարունակվում ու գեղեցիկ ընթացք է ստանում Աիդա և Շառլ զույգի, քրոջ ու եղբոր համարձակության, բարդույթներից զուրկ լինելու մեջ: Նրանց հաջողության գրավականը ներքին անհուն եռանդն ու համարձակությունն են»,-կարծում է Արմեն Վերդյանը:

Շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Փետրվարի սկզբին Կաննում կազմակերպված համերգով Ֆրանսիայում ազդարարվել է հոբելյանի մեկնարկը: Ազնավուրի գործերի դասական մշակումները ներկայացնող համերգային երեկոն վայելելու հնարավորություն կունենա նաև Հայաստանի հանդիսատեսը: Բացօթյա համերգը տեղի կունենա մայիսի 22-ին Երևանում: Համերգներ են նախատեսվում նաև Գյումրիում, Հայաստանի տարբեր քաղաքներում, կլինեն նաև ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, բացօթյա ֆոտոցուցահանդես և այլ նախաձեռնություններ:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս