ԶԼՄ-ները հաղորդում են, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախների
Սիրիայի արևելյան Դեյր էզ Զորի նահանգում գտնվող մի շարք թիրախներ ավիահարվածների են ենթարկվել։ Al Mayadeen լրատվամիջոցը հաղորդում է, որ ավիահարվածներն իրականացրել են ԱՄՆ-ի ուժերը։
Ըստ Al Mayadeen-ի թղթակցի՝ գնդակոծությունների են ենթարկվել ալ Բուքամալ քաղաքի աս Սահիլիյա բնակավայրը և բնակելի թաղամասեր ալ Մայադին քաղաքում և ալ Քուսուրի շրջանում։ Ամերիկյան ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, սակայն լրատվամիջոցը նրանց ստույգ թիվը չի հայտնում։
Իր հերթին Al Manar հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 01:49-ին ամերիկյան օդուժն առնվազն 10 ավիահարված է հասցրել Դեյր էզ Զորում գտնվող թիրախներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ հարձակումներից տուժել է առնվազն 20 մարդ։
Մարտի 24-ին Al Mayadeen-ը հաղորդել էր, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիաների զինված ջոկատները հրթիռակոծել են Հարաբ էլ Ջեյրի ռազմական օդանավակայանը, որից օգտվում են Սիրիայի Հասաքայի նահանգի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան ուժերը: Օբյեկտի տարածքում լսվել են մի քանի ուժգին պայթյուններ, ծխի թանձր սյուն է բարձրացել երկինք։
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին Սիրիայում և Իրաքում ավելի հաճախակի են դարձել ամերիկյան ռազմակայանների վրա հարձակումները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ավելի վաղ շիաների խմբավորումներն ԱՄՆ-ին նախազգուշացրել էին, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին: