Մահապարտ դարձե՛ք ազգովի, եթե ոչ՝ գոյություն ունենալու իրավունք չունենք. Դավիթ Անանյան
Հայաստանի այս իշխանության կողմից Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի չլինելիության հավանականությունը կմեծանա, հետևապես՝ հանձնելու օրակարգով առաջնորդվող Փաշինյանը կա՛մ իրականությունից հեռու է, կա՛մ զբաղված է մանիպուլյացիաներով, կամ՝ երկուսն էլ միասին։ Գիտեք՝ ինձ հայտնի չէ պատմության մեջ մի դեպք, երբ երկրի ղեկավարն անընդհատ զիջում է իր թշնամուն, այն թշնամուն, որի հետ ունի գոյաբանական խնդիր, այն թշնամուն, որն ուզում է իրեն վերացնել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության որդեգրած տարածքային զիջումների օրակարգի մասին, նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը՝ ընդգծելով.
«Այս քաղաքական իշխանությամբ և այս առաջնորդությամբ հնարավոր չէ իրագործել այն քայլերը, որոնք կլուծեն մեր պետության առաջ ծառացած շատ կարևոր խնդիրները։
Իմ դիտարկմամբ՝ երբ ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, առաջինը քայլը, որ պետք է անի, երկրում արտակարգ դրության հաստատումն է։ Շատ շուտվանից մենք ապրում ենք արտակարգ պայմաններում և պետք է երկրի ռեժիմը համարժեք լինի այն վիճակին, որում ենք։
Երկրորդ քայլով պետք է իրականացնել համազգային՝ լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պաշտպանության նպատակով։
Երրորդ քայլով պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ որևէ տեսակի բանակցություն, քանի դեռ ադրբեջանական զորքը չի կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ ունեցած դիրքերի վրա և դուրս չի եկել Հայաստանի տարածքից։
Պետք լինի, նաև կկռվենք, որովհետև կռվելն է խաղաղության հասնելու ամենատարրական ձևը»։
Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ եթե երկիրը պահելու համար ստեղծված իրավիճակը պահանջում է անձնազոհություն, ինքը պատրատ է գնալ դրան, ավելին՝ ճանաչում է նաև շատերին, որոնք նույնպես պատրաստ են։
Հարցին՝ եթե անձնազոհության պատրաստ մարդիկ շատ կան, ինչո՞ւ է մինչև հիմա Փաշինյանը վարչապետ, Անանյանը պատասխանեց.
«Գալիս ենք նրան, որ, եթե իմ ասած դրույթների շուրջ համախմբվենք, ապա Փաշինյանն ինքը սուսուփուս կհեռանա, իսկ եթե դա չանի, նրան քաղաքական համախմբման արդյունքում հեռացում կպարտադրվի»։
Դավիթ Անանյանը նաև վստահեցրեց, որ ընդդիմությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, նման պայմաններում իրական այընտրանքային օրակարգ պետք է դնի սեղանին, հակառակ դեպքում, ստացվում է, որ պարտվողական միակ օրակարգ դնողը Փաշինյանն է։
«Համազգային կոնսենսուս կա, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չկա այդ կոնսենսուսը նյութականացնողը։ Ընդդիմությունը՝ հավաքական ընդդիմությունը, պետք է կարողանա այնպիսի շարժում ձևավորել, որով կկարողանա հասնել մինչև վերջ, որովհետև հերթական անավարտությունը կցնդեցնի այն շիկացած մթնոլորտը, որը կա, իսկ ցանկացած շիկացած մթնոլորտ կարող է բերել դրական բոցկլտումների»:
Անանյանի բնորոշմամբ՝ ցավալիորեն ունենք երկրի ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ խոսում է շանտաժի լեզվով, մինչդեռ, պետության իրական լիդերն արտաքին վտանգների պարագայում պարտավոր էր սեփական ժողովրդին առաջնորդել մահապարտության և ոչ թե ծնկած՝ դեպի կառափնարան։
«Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ, դա մերն է։ Վստահ եմ, որ բանակում կլինեն հրամանատարներ, որոնք կորոշեն՝ ժողովրդի հետ են։ Ես ցանկանում եմ, ես շատ կուզենայի, որ լինեին այնպիսի հրամանատարներ, որոնք մահապարտության կտանեին զորքին՝ իրենք դառնալով օրինակ։ Հիմա ընդարմացած հայի ոգին պետք է արթնանա։ Պետք է հիշել, այն մի մատ երեխաները, որոնք հազարներով զոհվեցին, մեր բոլորիս երեխաների նման երեխաներ էին, հետևապես, եթե մենք ունենք մի մատ երեխեք, որոնք մահապարտի շապիկ հագած՝ գնացին, բա էս ազգը չպե՞տք է դառնա մահապարտ. եթե չի դառնալու, ուրեմն գոյություն ունենալու իրավունք չունի։ Ավելի լավ է ազգովի գնանք մեռնենք, քան էսպես ապրենք։ Այսօր պետք է առաջնորդվենք մահապարտի կանոններով, ինչպես արեցինք 90-ականներին»,- խոսքը եզրափակեց Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։