Եթե կարողանայինք տալ արժանապատիվ աշխատավարձ՝ դերասանը չէր գնա սերիալում նկարահանվելու. Կարո Շահբազյան

Ես ու թատրոնը գտանք իրար 2002 թվականին: Այն ապրելակերպ է, սիրահարվածություն, մի ուրիշ աշխարհ է. Ասում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը: Դերասանական կազմի, սերիալների, թատրոնների միավորման, առկա խնդիրների մասին Կարո Շահբազյանի հետ զրույցը՝ ստորև.

Պարոն Շահբազյան, երբ մտաք թատրոն՝ դերասանական ինչպիսի՞ կազմով այն Ձեզ դիմավորեց, և արդյոք հիմա ունե՞նք նրանց արժանի փոխարինողներ:

– Ես մտա թատրոն, ու գեղարվեստական ղեկավարը Երվանդ Ղազանչյանն էր, ով մեծ ավանդ ունի թատրոնի հանդեպ իմ սիրո հարցում: Ինչ վերաբերում է դերասաններին, ապա անընդհատ պետք է լինի սերնդափոխություն: Մեծ թատրոններում մշտապես պետք է լինի երեք սերունդ. ավագ, միջին և կրտսեր: Մեր թատրոնը հիմնադրվեց 1942 թվականին: Մեծեր էին հիմնադիրները՝ Իզաբելլա Դանզաս (Կոզոդյան), Շարա Տալյան, ապա Կարպ Խաչվանքյան, Սվետլանա Գրիգորյան: Բնականոն ընթացք է, և համեմատել նախկին ու ներկա, կարծում եմ, սխալ է: Բոլորն ունեցել են իրենց տեղը և ունեն:

Կարդացեք նաև

Եթե համեմատենք հանդիսատեսին, ապա որակական ինչպիսի՞ փոփոխություններ են եղել:

– ԽՍՀՄ տարիներին այլ քաղաքականություն են վարել, կար գրաքննություն, որն ուներ իր լավ կողմերը, քանի որ այսօր ով ինչ ուզում՝ անում է, ու դա էլ է սխալ: Մշակույթի ոլորտում քարոզչությունը որակյալն էր, դասականը: Ցավոք, անկախությունից հետո մեր հեռուստահաղորդումների մակարդակն իջավ: Նյութը շատ ցածրորակ է: Հեռուստաեթերում հնչում է ինչ-որ անհասկանալի երաժշտություն: Հաճախ մարդիկ չգիտեն, թե ներկայացումն ինչ է. ներկայացումն ու սերիալը խառնում են իրար: Այստեղ շատ կարևոր է պետական քաղաքականությունը:

– Թատրոնի շատ դերասաններ նաև սերիալներում են խաղում. Մի դրական կետ երևի կա. սերիալ նայողը գալիս է թատրոն:

Հիմնականում այդպես է: Ապրելու խնդիր կա, որը թատրոնը չի կարող ապահովել: Եթե մենք կարողանայինք տալ արժանապատիվ աշխատավարձ, վստահ եմ՝ դերասանը չէր գնա՝ սերիալում նկարվեր: Դերասաններից շատերը հասկանում են, որ դա ցածրորակ է, ուղղակի վարձատրությունն է խնդիրը:

– Մի ժամանակ ասում էին, որ թատրոնում խենթերն են աշխատում, փաստորեն հիմա այդպես է:

– Նվիրյալներ են, խենթեր: Մեծամասնությունն այդ ժամանակ աշխատում էր նվազագույն աշխատավարձով: Հիմա զուգահեռ մի քանի տեղ են աշխատում՝ վազելով են գալիս, որ հասցնեն: Սակայն էներգիան, էմոցիան չի մնում: Մարդիկ 12 ժամ աշխատում են:

– ԿԳՄՍ նախարարությունը շատ է խոսում ատեստավորման մասին: Եթե դա լինի, արդյո՞ք կնպաստի, որ աշխատավարձը բարձրանա, որակը:

– Դրանք տարբեր են, մի քիչ արհեստական: Յուրաքանչյուր թատրոն փորձելու է ընտրել լավերին, որովհետև նրանց շնորհիվ է ստեղծելու, աշխատելու: Ինչ վերաբերում է ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրանալուն, կարծում եմ՝ շնորհքով մարդը կարողանում է այնպես անել, որ շատ զբաղվածություն ունենա: 20 տարուց ավելի է, մենք թատրոնում սահմանել ենք մուտքավճար: Մեծ գումար չէ, բայց մոտիվացիա է ստեղծում: Դերասանը ստանում է իքս աշխատավարձ և ամեն մուտքի համար էլ՝ լրավճար: Բնականաբար, շատ քիչ է, որովհետև պետական թատրոններում չես կարող շատ բարձր գներ սահմանել: Պետք է հաշվի առնել հասարակության գնողունակությունը:

– Բացի ֆինանսականը՝ թատրոնն էլ ի՞նչ խնդիրների առջև է կանգնում:

– Լինելով երաժշտական թատրոն, տարիներ շարունակ մեր ձայնային և լուսային սարքավորումները խորհրդային արտադրության էին, տեխնիկական առումով շատ մտքեր հնարավոր չէր իրագործել, տարեվերջին վերազինեցինք թատրոնը նոր սարքավորումներով, ինչի շնորհիվ երկու նոր մյուզիքլ ունենք: Հիմա մտածում եմ պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցողների համար: Մեզ մոտ 2020թ. պատերազմից հետո, ցավով եմ արձանագրում, մի քանի անգամ ավելացան հաշմանդամները, այսօր փորձում ենք նրանց թատրոն հրավիրել, բայց պայմանները շատ վատն են: Նոր վերելակ է անհրաժեշտ, սանհանգույց, դահլիճի հատակ… Գոնե հաջորդ տարի կարողանանք այդ հարցը լուծել, որ հաշմանդամները լիարժեք ինտեգրվեն մշակութային կյանքին:

Թատրոնում կարողանո՞ւմ են խաղալ ուսանողները:

– Այո: 2020 թվականին ստեղծեցինք փոքր դահլիճ՝ գրեթե թատրոնի տանիքում, և անվանակոչեցինք Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահ: Հիմնականում երիտասարդներ են ներգրավված: Այս պահին դիպլոմային աշխատանքները մի ամբողջ կուրս փորձերը մեզ մոտ է անում, ներկայացումները՝ ևս: Մենք ամեն տարի նայում ենք դիպլոմային աշխատանքները՝ տեսնելու, թե ովքեր կան, և համալրվում է թիմը: Այսօր ունենք գործող դերասաններ, ովքեր զուգահեռ սովորում են Թատրոնի և կինոյի ինստիտուտում:

– 2021թ., երբ փակվեց Պետական կամերային երաժշտական թատրոնը, շատերը տեղափոխվեցին ձեզ մոտ. բոլորն ընդգրկվե՞լ են ներկայացումներում:

Եթե բոլորը տեղափոխվեին մեզ մոտ, ուղղակի զբաղվածություն չէին ունենա, դրա համար տարբեր թատրոններ գնացին: Մեր թատրոն 9 հոգի եկավ, մի մասը հենց սկզբից ինտեգրվեցին՝ Արա Դեղտրիկյանը, Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանը և այլք: Մեկը տեղափոխվեց այլ աշխատանքի, 2-ը զբաղվածություն չունեցան:

Ծուռ նստենք, դուզ խոսենք: Արդյո՞ք ճիշտ է թատրոնների միավորումը: Այն թատրոնների, որոնք երկար տարիներ գործել են: Օրինակ՝ «Գոյ» թատրոնը:

– Հիմա հարցնեմ. արդյո՞ք ճիշտ է Ժուռնալիստների միությունը և Կոմպոզիտորների միությունը միավորել: Թվում է՝ տարօրինակ է համեմատությունը, բայց ամեն թատրոն ունի իր ձեռագիրը, պատմությունը: Կարծում եմ, որ ամեն թատրոն իրավունք ունի լինել և գոյատևել: Այլ բան է, որ պետական թատրոնի դեպքում պետությունն է որոշում՝ լինի ֆինանսական, թե շենքային պատճառ: Իմ կարծիքով, բոլորն իրենց ձեռագիրն ունեն և իրավունք ունեն գոյություն ունենալ: Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորումից հետո ստեղծվեց «Կայարան» թատրոն: Հիմնադիրները մեր թատրոնի արտիստներն են, և ինչով կարողանում եմ՝ օգնում եմ:

– Թատրոնի խնդիրներից է նաև ճիշտ դրամատուրգի գտնելը:

– Առաջինը, կարծում եմ, ճիշտ պիես ընտրելն է: Ամեն ինչ այդտեղից է սկսվում: Շատ ժամանակ, երբ մտածում ենք՝ ինչ բեմադրել, ուսումնասիրում ենք, թե վերջին մեկ տարում մարդիկ ո՞ր գործերն են շատ կարդացել: Այդպես բեմադրեցինք Կոելիո. «Վերոնիկան որոշում է մեռնել»: Ռեժիսորը մոտեցավ ու ասաց, որ ուզում է բեմադրել, հարցրի՝ դա մեր հասարակությանը կհետաքրքրի՞: Հետո հասկացա, որ երիտասարդությունը ծանոթ է այդ գործին:

Ինչ վերաբերում է մանկական ներկայացումներին, ապա ուսումնասիրել եմ, որ մեծ մասամբ օտար, անհասկանալի մուլտֆիլմեր են նայում: Այդտեղ իմաստ և դաստիարակչական որևէ բան չեմ տեսնում: Մենք ընտրում ենք ոսկե միջինը: Մեր խաղացանկում կա «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները», «Կոշկավոր կատու» մյուզիքլը: Հունիսի 1-ին Թումանյանի հայտնի 4 գործերը կլինեն ներկայացման մեջ. «Կիկոսի մահը», «Մի կաթիլ մեղրը», «Թմկաբերդի առումը» և «Փարվանա»-ն: Կարևորը գրական գործի ճիշտ ընտրությունն է: Մենք չպետք է անենք այնպիսի բաներ, որ հասու չլինեն լայն հասարակությանը, և չպետք է անենք աղբ: Պետք է գտնենք ոսկե միջինը:

Ավետիք Իսահակյանը, խոսելով Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մասին, ասել էր. «Ուրախ ժանրի այս թատրոնը ծնվել է Հայրենական Մեծ պատերազմի ծանր օրերին, որպեսզի «ծիծաղի զենքով» պայքարի թշնամու դեմ»: Նման և տարիներ, և օրեր հիմա ենք ապրում: Արդյո՞ք ծիծաղով կարող ենք այս ամենը հաղթահարել, թե՞ այս դեպքում անգամ ծիծաղը դեր չի կարող խաղալ:

– Գրեթե զորքը Կովկաս էր մտել, ու պետությունը ստեղծել է Կոմեդիայի թատրոն: Կարծում եմ, ճիշտ քաղաքականություն է եղել: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա այդ հարցը ինքս ինձ տվել եմ 2020թ. վերջում: Մտածեցի՝ ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները, ու դրեցի ամանորյա մանկական ներկայացումներ: Պետք է շարժվել՝ հանուն…:

Տեսանյութեր

Լրահոս