Քարտեզների վերաբերյալ համաձայնություն չկա. առանց քարտեզի Տավուշի գյուղերը հանձնող Փաշինյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկիրը սեփական «դուքյանն» է, ու կարող է ոտքի վրա արգելել պատգամավորներին իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել։

«Իրականում Ադրբեջանի հետ բանակցություններում սեղանին դրված փաստաթղթերին երբ մենք ծանոթանում էինք, նաև հանրությանը չբացահայտելով բոլոր կետերը, մեր անհանգստություններն էինք փոխանցում։ Հասկանում էինք, որ պետք է դիմագրավենք այս իշխանությունների՝ ամիսներ շարունակ այն մանիպուլյացիային ու կեղծիքին, սեփական ժողովրդին խաբելուն, թե՝ ժողովուրդ, երկնքից իջել է  խաղաղությունը՝ հես ա-հես ա ստորագրելու ենք։

Իրականում տեսնում էինք այն կետերը, որ այդ փաստաթղթերում ներկայացնում էր Ադրբեջանը, տեսնում էինք այդ վտանգները։ Ի՞նչ է անում կառավարությունը, հասկանում է, որ դա դժվար է  հրամցնել ժողովրդին, հատիկ-հատիկ փորձում է ի կատար ածել այդ բոլոր պահանջները, որ վերջում մի սպիտակ թուղթ բերի ու ասի՝ տեսեք, խաղաղության, ավելի ճիշտ՝ պարտության դրոշը բերել եմ վավերացնելու»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ապա ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

Կարդացեք նաև

«Երբ Տավուշում ասում էիր, թե Ադրբեջանն ուզում է մի հատված, որը ՀՀ մաս չէ, կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են, որ այս հատվածն անցնում է  Ադրբեջանին, իսկ այս հատվածը մնում է  Հայաստանին»։

Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին պատասխանեց, թե քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն չկա երկու երկրների միջև։ Կա միայն համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Կա նաև ըմբռնում, որ երկու երկրների միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։

«Այն, ինչ ես ասել եմ, արդեն իսկ հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ քառակողմ հանդիպման արդյունքում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով Գեղամ Մանուկյանի  հայտարարությանը, թե ով կարող է արգելել գործունեություն ծավալել, Նիկոլ Փաշինյանն ասաց,  թե ի՛նքն ունի  որոշումներ կայացնելու լիազորություններ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս