
Լեհաստանը տանկերի նոր խմբաքանակ է ստացել Կորեայի Հանրապետությունից

Վերջին օրերին հարավկորեական տասնհինգ K2 Black Panther տանկ է ժամանել Լեհաստան։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդան։
«Վերջին օրերին ավելացել են K2 տանկերի մատակարարումները: 2024 թ․ սկզբից Հարավային Կորեայից 18 տանկ է ժամանել Գդինա։ Կիրակի օրը (խմբ․՝ մարտի 17-ին) 4 տանկ է ժամանել նավահանգիստ, այս երեկոյան (խմբ․՝ մարտի 19-ին) ժամանել է ևս 11 Black Panther տանկ», – գրել է Բեյդան X սոցիալական հարթակում:
2022 թվականին Վարշավան Սեուլի հետ ստորագրել է 980 K2 Black Panther տանկերի, 648 K9 Thunder ինքնագնաց հաուբիցների, 48 FA-50 թեթև մարտական ինքնաթիռների և 288 K239 Chunmoo համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման՝ 12,4 միլիարդ դոլար գումարի պայմանագիր: