Բաժիններ՝

Բլինքենը կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս՝ քննարկելու հրադադարը Գազայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 20-ին կայցելի Սաուդյան Արաբիա, իսկ մարտի 21-ին կմեկնի Եգիպտոս՝ այս երկրների իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական օգնության ավելացման հարցը։ Այս մասին հաղորդում է Barron’s լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։

«Պետքարտուղարը կքննարկի անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը, որը նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայում մարդասիրական օգնության ծավալի ավելացմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացում և հետկոնֆլիկտային շրջանում Գազայում պլանավորման մեխանիզմների համակարգում», – հայտարարել է Միլլերը։

Մասնավորապես, Միլլերի խոսքով, անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն այլևս չկարողանա կատարել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման նման հարձակումներ։

Բլինքենը կքննարկի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման պայմանները։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը կբարձրացնի եմենցի հութիների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների դադարեցման թեման՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունն ապահովելու համար։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 253-ը։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 600-ը:

Առաջիկա այցը կլինի Բլինքենի վեցերորդ այցը տարածաշրջան հոկտեմբերի 7-ից ի վեր։

Մարտի 18-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը Կատարում ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ բանակցություններում մտադիր է հասնել Գազայի հատվածում վեցշաբաթյա հրադադարի, որի շրջանակներում պաղեստինցի զինյալները պետք է ազատ արձակեն 40 պատանդի՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների դիմաց, իսկ Գազա պետք է մտնի ավելի մեծ ծավալով հումանիտար օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս