Թուրքիան մեծացնում է ճնշումը ՀՀ-ի նկատմամբ․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ իրավիճակում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական ռևերանսները և այս անգամ անշրջելի թվացող արևմտյան վեկտորն աշխարհաքաղաքական «փոթորիկ» է առաջացրել Հայաստանի շուրջ։

Մինչ ԵՄ տարբեր կառույցները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը, իրենց վերջին բանաձևով, ԵՄ խոսնակը՝ իր հայտարարությամբ, քաջալերում են ՀՀ-ին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, Թուրքիան մեծացնում է ճնշումը ՀՀ-ի նկատմամբ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման նպատակով։

Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով երկու շաբաթ առաջ Անթալիայում հանդիպեց Արարատ Միրզոյանին, հայտարարել է, որ ակնկալում են համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացման համար։

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ «Թյուրքալեզու պետությունների Ավագների» խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմն էլ երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ևս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, որ այն պետք է բացվի։

Կարդացեք նաև

«Հարկավոր է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։

Ապա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը և թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի և զբոսաշրջության զարգացմանը։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը կարևոր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։

«Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»»,- գրել էր Գեղամյանը։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ անցած տարեվեջին Բաքուն սկսել էր հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։

Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանն անակնկալ հարցը կրկին օրակարգ բերեց՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության, այլապես Ադրբեջանը չի բացի սահման Հայաստանի հետ։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ, պատահական չէ։ ՀՀ-ն, նրա որակմամբ, իրեն դրել է անկայուն արտաքին քաղաքական իրավիճակի մեջ, որի դեպքում, բնականաբար, հակառակորդները փորձում են ստանալ այն, ինչն ամենաբարդն է բոլոր ոլորտներում կայունության դեպքում։

«Եթե երկիրն ունի հակառակորդներ, նրանք սովորաբար օգտվում են բոլոր տեսակի անկայուն ու անբարենպաստ իրավիճակներից։ Իրականում, երևի թե հայկական կողմին Արևմուտքից խոստումներ են տվել, որ ԵՄ անդամակցության կուրսի որդեգրումը Հայաստանին կպաշտպանի բոլոր վտանգներից, գուցե դա է պատճառը, որ այսպիսի քաղաքականություն է որդեգրվել։ Սակայն ցանկացած անցումային փուլ, եթե այն նույնիսկ անցնցում է, ինչը չես ասի Հայաստանի դեպքում, լի է վտանգներով, ռիսկերով, իսկ Հայաստանի դեպքում դրանք ավելի շատ են, քանի որ կան անվտանգային բացեր, անկայուն արտաքին քաղաքականություն ու չլուծված խնդիրներ հարևանների հետ։

Մշտապես պնդել եմ, որ Թուրքիան չի հրաժարվել այդ պատմական՝ Զանգեզուրի ճանապարհի գաղափարից, մշտապես դիտարկել են Հայաստանը՝ որպես խոչընդոտ միավորման ճանապարհին, ուստի ցանկացած հնարավորություն կփորձեն օգտագործել այդ գաղափարն իրագործելու համար»,- ասաց վերլուծաբանը։

Նա չի բացառում, որ մարզի կարգավիճակ փոխելու առաջարկ նույնպես թուրքական կողմն է անում։ «Ցանկացած միջոց, հնարավոր տարբերակ դիտարկվում է այս հարցը լուծելու համար։ Հենց այդ նպատակով նաև Իրանի հետ հարաբերություններն են բարելավվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Իրանի դիմադրությունն այս թեմային քիչ լինի։ Ավելին՝ ՀՀ արտաքին քաղաքական իրավիճակը ևս խաղարկվում է ադրբեջանական մամուլում՝ որպես հայ-իրանական հարաբերությունների դեմ աշխատող գործոն»,- ասաց նա՝ հավելելով, որ քարոզչական լուրջ ուժեր ևս ներդրվել են, այլ երկրների տեսքով աջակիցներ ևս փորձում են գտնել։

«Այս տեսանկյունից խիստ բացասական եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի միտումները, ըստ էության, դաշնակցային հարաբերությունների ճգնաժամը և փորձը՝ փոխել այդ հարաբերությունների բնույթն արևմտյան խոստումների ֆոնին։ ՀՀ-ում պետք է ուսումնասիրեն այլ երկրների փորձը։ Եթե ԵՄ անդամակցության հայտ ներկայացնեն, ե՞րբ է ԵՄ-ն այն բավարարելու, և մինչ այդ՝ էլ ի՞նչ պահանջներ է ներկայացնելու ԵՄ-ն, և արդյո՞ք ՀՀ-ն ունի ներուժ այդ քայլերն իրականացնելու համար։

ՀՀ-ում պետք է լավ մտածեն՝ արդյոք Արևմուտքը երաշխավորելո՞ւ է ՀՀ անվտանգությունը, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս լուծել այդ հարցը։ Եթե նույնիսկ Ռուսաստանի հետ կա խնդիր, գուցե Իրանի հետ է պետք լուծել հարցերը։ Տարբերակներ կան, բայց ճիշտ հաշվարկներ է պետք անել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս