
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները տեսակցող քաղաքացու մարզակոշիկների միջից հայտնաբերել են 20 փաթեթ՝ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներով

Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով դատապարտյալներից մեկին ապօրինի թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման մասին տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ․ Հ․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Բ․-ին։
Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 8․7 գրամ դարչնագույն, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ սուր հոտով և 10․3 գրամ սպիտակ, մեթամֆետամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև՝ 14․3 գրամ ընդանուր քաշով դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ։
Քաղաքացի Հ․ Բ․-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։