ՀՊ-ն ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության գործընթացում արձանագրել է բացեր. ՆԳՆ-ից  առարկություններ ու բացատրություններ չեն ներկայացվել

Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունում՝ ուսումնասիրելով 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընդգրկող ժամանակահատվածում սեյսմիկ պաշտպանության գործընթացը:

Հաշվեքննության արդյունքները, սակայն, վկայում են՝ ՆԳՆ-ն, մեղմ ասած, տապալել է այդ գործընթացը. «Սեյսմիկ պաշտպանության գործընթացում առկա են բացեր՝ կապված համապարփակ ռազմավարական մոտեցմամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման իրականացման, բազմաբնակարան բնակելի շենքերը գործող սեյսմիկ նորմերի պահանջներին համապատասխանեցման, սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տվյալների միասնական շտեմարանի բացակայության հետ»:

168.am-ն այս հաշվեքննությունից առանձնացրել է մի քանի դրվագներ.

Կարդացեք նաև

Հաշվեքննողները նշել են, օրինակ, որ 2022 թվականի դրությամբ առկա չէ սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարություն և մշակված չէ սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների կատարման ծրագիր: Պարզվել է նաև, որ չի իրականացվել նաև ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակումը, չի սահմանվել ՀՀ կառավարության կողմից «Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման» կարգը:

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումների իրականացման և ակնկալվող արդյունքները ծրագրային բյուջետավորման շրջանակներում հստակ սահմանված լինելու առնչությամբ էլ ՀՊ-ն փաստագրել է. «Չի՛ իրականացվել Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը: Առկա չէ համայնքների համար սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցե­լիության գնահատման ծրագիր: Առկա չէ սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տվյալների միասնական շտեմարան։

Լիազոր մարմնի կողմից ՀՀ մարզպետարաններին և համայնքապետարաններին չեն ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ, չկա նաև առաջարկությունների ներկայացման ժամանակացույց, ՀՀ կառավարություն չեն ներկայացվել 2021-2022թթ. սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ: Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների ավարտական ակտերի համաձայնեցումը Լիազոր մարմնի մասնակցությամբ չի կատարվել»:

Ուշագրավ է, որ առկա չէ նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, մասնավորապես՝ սեյսմիկ ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգ, ու դեռևս չի հաստատվել «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Ի դեպ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում 2021-2022թթ. ընթացքում չի իրականացվել ներքին աուդիտ:

«Հաշվեքննության արդյունքների հիման վրա Հաշվեքննիչ պալատը եզրակացնում է, որ սեյսմիկ պաշտպանության գործընթացում, հաշ­վեքննությունն ընդգրկող ժամանակահատվածում չի ապահովվել նպատակային ար­դյունավետությունը»,- ամփոփել է հաշվեքննողը:

ՀՊ հաշվեքննողն առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Ի թիվս առաջարկությունների՝ կարևորվել է ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համապարփակ ռազմավարական ծրագրի մշակումը, ՀՀ-ում երկրաշարժի վաղ ազդարարման համակարգի մշակումն ու ներդրումը:

Առաջարկվել է նաև՝

արդիականացնել ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի դիտացանցի կայանները՝ ՀՀ տարածքի հուսալի մշտադիտարկման (մոնիթորինգի) արդյունքում սեյսմիկ վտանգի ժամանակին և ճշգրիտ գնահատման նպատակով,

ներդնել ՀՀ սեյսմիկ բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալների կառավարման միասնական համակարգ,

համայնքների համար մշակել և իրականացնել սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիր,

սեյսմիկ ոլորտի մոնիթորինգի աշխատանքները կանոնակարգված իրականացնելու նպատակով մշակել մոնիթորինգի իրականացման կարգ,

միջոցներ ձեռնարկել սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատումը, ինչպես նաև նրանց համագործակցությունն ապահովելու համար:

Հաշվեքննության մեթոդաբանության մասին

«Հաշվեքննությունն իրականացվել է Հաշվեքննիչ պալատի «Կատա­րողականի հաշվեքննության մեթոդաբանության» համա­ձայն՝ հիմնված «ISSAI 100 – Հանրային հատվածում աուդիտի հիմ­­նարար սկզբունքները» և «ISSAI 300- Կատարողականի աու­դի­տի սկզբունքները» աուդիտի բարձրագույն մարմինների մի­ջազ­գային ստանդարտների վրա:

Իրականացվել է կատարողականի հաշ­վեքննություն, որի ըն­թաց­­քում կիրառվել են զննման, հարցման և վերլուծական ընթացա­կար­գերը։ Հաշվեքննությունն իրա­կա­նաց­վել է համակարգին և արդյունքին միտ­ված մոտե­ցում­նե­րով:

Հաշվեքննության գործընթացը փաստաթղթավորվել է, հաշվե­քննող­ների կողմից կազմվել է հաշվեքննության արձանագրու­թյուն, որը սահմանված կարգով ներկայացվել է հաշվեքննության օբ­յեկտին:

Հաշվեքննության օբյեկտի ղեկավարը ստորագրել է հաշ­­վեքննության արձանագրությունը. առարկություններ և բա­ցատ­րություններ չեն ներկայացվել (ներկայացվել է սեյսմիկ պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն)»,- պարզաբանված է ՀՊ ընթացիկ եզրակացության մեջ:

Մանրամասները՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս