Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել. Դուք ո՞ւմ կողմից եք, պարոն Ռուստամյան. Արարատ Միրզոյան
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։
«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որոնց համար պատասխաններ են ակնկալվում։
«Ի՞նչ իրավունքով է Հայաստանը սառեցնում մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ Ազգային ժողովը ժամանակին հաստատել էր ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ծրագիրը, իսկ հիմա կառավարությունը հայտարարում է, որ սառեցնում է այն։
«Տեղի են ունեցել իրադարձություններ՝ չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերին, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնարին։ Այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես ԱԺ-ին ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչու՞, որովհետև ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են… ահա այս կազմակերպությունը այն պայմաններում, երբ մեզ վրա տեղի է ունեցել հարձակում, սահմանները խախտվել են, այդ պարտավորությունն ունեցող միջավայրում գործընկերներից համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրաարակային փաստի ընդունում, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքը, սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունում տեղի չի ունեցել»,- ասաց Միրզոյանը։
Ըստ նրա՝ այս պայմաններում ողջամիտ արձագանքն է փորձել ապահովելու փոխըմբռնումը գործընկերության շրջանակում, իսկ եթե չստացվի, ապա չտեսնել գործընկերներին այնպես, ինչպիսին նրանք թղթի վրա են նկարագրված։
«Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա Դուք ու՞մ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի, որը չի ուզում ճանաչել, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որ մեր ձևակերպմամբ, չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչում»,- փոխադարձաբար հարց ուղղեց Միրզոյանը։
Ռուստամյանն էլ նշեց, որ ինքն ԱԺ-ի կողմից է, և խորհրդարանական երկրում երբ ծրագիր է ընդունվում, ապա կառավարությունը պարտավոր է պահպանել այդ ծրագիրը։
Ըստ նրա՝ եթե իրավիճակն այնքան է ռադիկալ փոխվել, որ պետք է նոր ծրագիր հաստատել, ապա պետք է կառավարությունը ցրել, նորը ձևավորել, որը նոր ծրագրով հանդես կգա։
«Հիմա դուք հակասահմանադրական քայլ եք արել»,- ասաց Ռուստամյանը։