Բաժիններ՝

«Եթե այդ բոլոր մարդիկ այն ժամանակ իրար կողքի կանգնեին և պահանջեին հարցին լուծում տալ, այսօր ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է կոնսերվատորիան «օպտիմալացնել»». Արթուր Ավանեսով

Արթուր Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոնսերվատորիայի «փակվելու» կամ «օպտիմալացման» վերաբերյալ այնքան բան կա ասելու… Իհարկե, ինքս խիստ անհամաձայն եմ` ոչ թե որովհետև չեմ պատկերացնում գաղափարը, այլ չեմ հավատում դրա պատշաճ իրագործմանը։ Պատճառներ ունեմ խորապես կասկածելու։

Բայց այս պահին մեծ ցավով եմ կարդում անհանգստացած մարդկանց բոլոր հրապարակումները։ Ես շատ կուզենայի անցյալում ավելի շատ մարդկանց տեսնել, ովքեր նույն ձևով անհանգստացած լինեին կոնսերվատորիայում երկար տարիներ (շատ վաղուց) տիրող բարձիթողի կրթական վիճակից, որակյալ մասնագետների և բուհում պատահաբար հայտնված մարդկանց համահավասարեցումից (բոլորը` դոցենտ և պրոֆեսոր, անկախ երաժշտության ոլորտում իրական ձեռքբերումներից), ռացիոնալ, սթափ տեսլականի բացակայությունից, ժամանակակից կրթական պահանջներին չհետևելուց, մեթոդների հնամաշությունից, սեփական ուսանողների հետ փողով պարապելու որոշ դասախոսների խայտառակ ավանդույթից (որի հիմքում ողորմելի աշխատավարձերն էին) ու բազմաթիվ նման խնդիրներից։

Եթե այդ բոլոր մարդիկ այն ժամանակ իրար կողքի կանգնեին և պահանջեին հարցին լուծում տալ, երբ ես աղաղակում էի այդ խնդիրների մասին, այսօր ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է կոնսերվատորիան «օպտիմալացնել»: Կոնսերվատորիան ինքը ցույց կտար պետությանը, թե ինչպես կարելի է օպտիմալացվել։ Իսկ այսօր ունենք այն, ինչ կա` փտած ենթահամակարգով բերանը բամբակով ջուր կաթացնելով աշխատող մի բուհ, որը ով ասես՝ ուզում է «օպտիմալացնել»:

Սա ասում եմ մեծ ցավով, որովհետև, ինչ էլ լինի, իմ բուհն է, և ես պարզ տեսնում էի, թե ինչ կարելի էր անել, որպեսզի մի լավ բան դառնար։

Ժամանակին գիշեր-ցերեկ աշխատեցինք, որպեսզի գոնե պայմանները հասկանալով «օպտիմալացնենք» ուսումնական պլանը, որի շնորհիվ կոնսերվատորիան անցավ հավատարմագրումը։ Իմ ցանկացած առաջարկի համար ստիպված էի նյարդեր քայքայել, և անգամ այս դեպքում առաջարկներիս միայն փոքր մասն էր իրականություն դառնում, մնացածները կա’մ մերժվում էին, կա’մ զավեշտալիորեն «հարմարեցվում»։

Նախկինում իմ ղեկավարած ամբիոնի համար չեղած տեղից ստեղծեցի առարկայական ծրագրեր, բայց գնալուցս հետո դրանց ոչ ոք չհետևեց` համարելով, որ արվեստագետներին դրանք պետք չեն։ Արվեստագետներին,  իրոք, պետք չեն, բայց ուսումնական հաստատությանը` օդի պես անհրաժեշտ։

Միշտ ասվում է` Կոմիտասն է երազել կոնսերվատորիա ունենալ, մեր կոնսերվատորիայում սովորել են մեծ երաժիշտներ, հիմա էլ հրաշալի ուսանողներ կան։

Այո։ Կոմիտասի երազած կոնսերվատորիան արվեստի ժամանակակից օջախ էր, երաժշտության սրբավայր։ Անցե’ք կոնսերվատորիայի կողքով, մտե’ք ներս ու մտածե’ք Կոմիտասի երազանքի մասին։ Մեծ երաժիշտներ կոնսերվատորիայում թե սովորել, թե դասավանդել են։

Հիմա էլ կան հոյակապ երաժիշտներ` շատ ավելի քիչ, բայց կան։ Կան նաև շատ մարդիկ, ում անձամբ ես մոտ չէի թողնի այդ շենքին։ Իսկ ուսանողների մեջքի հետևում հեշտ է թաքնվել։ Այն ուսանողները, որոնք ունեն տաղանդ և մասնագիտական դասարանի լավ դասախոս, հիմա էլ փայլում են ու ամեն տեղ ներկայացնում կոնսերվատորիան։ Բայց հերիք եղավ նրանց օգտագործել որպես համակարգային թերությունները շպարելու միջոց։

Ու վերջին մի բան։ Ամիսներով ապշած էի, որ նույն աղմուկը չէի լսում այն ժամանակ, երբ պետությունը կայացնում էր այս որոշումը (որը, գործընկերներիս նման, սխալ և քայքայիչ եմ համարում): Այն ժամանակ ինչո՞ւ չբարձրացվեց բուհի ղեկավարության ձայնը։ Կամ էլ` բարձրացվեց, բայց հազիվ լսելի, որ ոչ ոք չնկատեց։ Նորությո՞ւն էր սա արդյոք։ Ինչո՞ւ հիմա, այլ ոչ թե այն ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս