Սադրանք է, թե մեր գործողություններն ուղղված են ՌԴ-ի դեմ. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սադրանք որակեց հայտարարությունները, թե ՀՀ իշխանության քայլերն ուղղված են Ռուսաստանի դեմ։
«Դա իրականության հետ որևէ կապ չունի։ Հակառակը, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր գործընկերների հետ ունենանք նորմալ համագործակցություն, որևէ մեկի դեմ չենք աշխատում։ Եվ եթե ի նպաստ Հայաստանի աշխատանքը որևէ տեղ կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ, սա համարում եմ սխալ մեկնաբանություն։
Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է միևնույն տնտեսական բլոկում, ՀՀ-ում ներկա է ռուսական ռազմաբազան, մենք ունենք երկարամյա համագործակցության պատմություն։ Կան հարցեր, գնահատականներ, որոնց հետ մենք կարող ենք չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն: Վերջին տարիներին մենք ոչ միայն մեկ, այլ մի քանի երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ»,- շեշտեց Վաղարշակ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է տնտեսության դիվերսիֆիկացիային, որի մասին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ, իհարկե, դիվերսիֆիկացիան կարևոր է, բայց պետք է նաև իրավիճակը ռեալ գնահատվի։ Քանի որ ամեն տարի ՀՀ-ից արտահանումը ԵԱՏՄ երկրներ տասնյակ տոկոսներով աճում է։
«Բայց մենք ունենք նաև մի իրավիճակ, երբ մեր արտահանման մի զգալի մասը գնում է Եվրոպա։ Պետք է խորացնենք մեր հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ մեր եվրոպացի գործընկերների հետ, բայց մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ։ Իրավիճակը պետք է այս ռակուրսից գնահատենք»։
Իշխանական պատգամավորն անդրադարձավ Ադրբեջանի՝ «4 գյուղերի անհապաղ վերադարձի» մասին պահանջներին։ Նա լրագրողներին հորդորեց՝ իրենց գնահատականներում ցուցաբերեն զգուշություն, քանի որ իշխանությունը գործում է՝ ելնելով ՀՀ շահերից։
«Բանակցային պրոցեսի փուլում մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել։ Այդ պատճառով էլ ես կխնդրեմ, որպեսզի մենք ամբողջական սպասենք իրավիճակի ներկայացմանը։
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն՝ անվիճարկելի է, անվիճարկելի է նաև այն, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել և մեզանից ստանալ անկայունություն, սա ևս նոր բան չէ։ Խնդրում եմ ձեզ և բոլորին, որպեսզի մենք սառնասիրտ գնահատենք իրավիճակը»,- շեշտեց Վ. Հակոբյանը։