Բաժիններ՝

Թրամփն Ուկրաինային ոչ մի լումա չի տա․ Հունգարիայի վարչապետ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը ֆինանսական միջոցներ չի տրամադրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Օրբանի և Թրամփի հանդիպումը կայացել է Ֆլորիդայում՝ Թրամփի «Մար ա Լագո» կալվածքում մարտի 8-ին։

«Նա ոչ մի լումա չի տա Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի համար։ Այդ պատճառով պատերազմը կավարտվի», – ասել է Օրբանը մարտի 10-ի երեկոյան հունգարական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս ասել է, որ ընտրվելու դեպքում «24 ժամվա ընթացքում» կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, սակայն մանրամասներ չի հայտնել։

«Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող կանգնել սեփական ոտքերի վրա։ Եթե ամերիկացիները գումար և զենք չտան՝ եվրոպացիների հետ միասին, ապա պատերազմը կավարտվի։ Իսկ եթե ամերիկացիները գումար չտան, եվրոպացիները միայնակ չեն կարող ֆինանսավորել այս պատերազմը։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի», – ասել է Օրբանը։

Մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո Թրամփը գովեստի խոսքեր էր ասել իր հյուրի հասցեին՝ նշելով, որ «չկա ավելի խելացի և ավելի լավ ղեկավար, քան Վիկտոր Օրբանը»։

ԱՄՆ այցի ընթացքում Վիկտոր Օրբանը չի հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որն, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփի դեմ կպայքարի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ռուսաստանի կողմից 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Հունգարիայի վարչապետը ԵՄ ղեկավարների կողմից բազմիցս քննադատության է ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր սերտ կապերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս