Շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն. Փոխնախարար

ԱԺ Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ իր համար զարմանալի է Տարածքային կառավարման փոխնախարարի լավատեսությունը, որ գազի գինը չի բարձրանա։

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բավականին լարվել են, հատկապես դուք մատնանշեցիք Ռուսաստանի ու Ղազախստանի մասով առկա խնդիրները։ Այդ լարվածությունը, իհարկե, պայմանավորված է  ՀԱՊԿ-ի շրջանակներում անհամաձայնություններով։ Որքան էլ մենք փորձենք ինքներս մեզ, ՀԱՊԿ անդամ երկրներին համոզել, որ ԵԱՏՄ գործերը կապ չունեն ՀԱՊԿ-ի հետ և հակառակը, ակնհայտորեն մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Այս պայմաններում դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդիրների լուծումը, երբ ակնհայտորեն լարված հարաբերություներ կան։ Ես չգիտեմ, վերջին անգամ ՌԴ նախագահի հետ ե՞րբ են տեղի ունեցել աշխատանքային շփումներ, հեռախոսազրույց։

Մենք ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, այս տարի արդյո՞ք նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստ ՀՀ-ում, եթե այո, ապա ե՞րբ է նախատեսված, եթե ոչ, ապա ինչո՞ւ»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Մինչ փոխնախարարի պատասխանը, հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ փոխնախարարը կարող է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանելու լիազորություն ունի։

Կարդացեք նաև

Իշխանական պատգամավորի «նախազգուշացմանն» ի պատասխան՝ Ագնեսա Խամոյանն ասաց, որ փոխնախարարի պաշտոնը քաղաքական է, և իր բարձրաձայնած հարցերին պատասխանելու իրավունք ունի։

Պատասխանելով հարցերին, Հակոբ Վարդանյանն ասաց՝ բնական է, որ գազ ու էլեկտրաէներգիա արտահանող երկրները փորձում են իրենց շահերը մաքսիմալ պահել և ընդհանուր շուկայի ձևավորման ժամանակ կորուստներ չունենան։

«Անկեղծ, ձեր խոսքից չհասկացա՝ ինչո՞ւ պետք է ընդհանուր շուկայի ձևավորումը բերի գազի գնի թանկացման։ Վերջին անգամ 2019 թվականի հունվարի 1-ին է Հայաստանում գազի գինը ֆիքսվել, ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, և 5 տարի է՝ ՀՀ-ում գազի գինը կայուն է։ Կարծում եմ՝ մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն»,- շեշտեց Հակոբ Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս