«Ո՞վ է լկտի, անդաստիարակը». ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը մոռացե՞լ է, թե ինչպես ոտքով հարվածեց պատգամավորին և անպատիժ մնաց
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:
Իշխանական թևը, չբացահայտելով, թե բուն վեճն ինչից է առաջացել, ամեն կերպ փորձում է մեղավոր կարգել հենց ընդդիմադիր պատգամավորին: Մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը միջադեպի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Անդաստիարակ, լկտի խուլիգանություն, որը պետք է հետևանք ունենա»:
Այստեղ տեղին է հիշեցնել նույն Վահագն Ալեքսանյանի պահվածքը 2021 թվականի օգոստոսի 25-ին, երբ նա հարձակվեց ըննդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի վրա և ոտքով հարվածեց նրան:
Այն ժամանակ էլ հանրությունն Ալեքսանյանի արարքը լկտիություն, անդաստիարակություն և ավելի կոպիտ բառերով բնութագրեց, բայց ուշագրավն այն է, որ այն ժամանակ ոչ Վահագն Ալեքսանյանին, և ոչ էլ նրա հետ ընդդիմադիր պատգամավորին հարվածներ հասցրած իշխանական մյուս պատգամավորներին ոստիկանությունը բաժին չտեղափոխեց:
Գուցե սա՞ է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը:
Նշենք, որ ձերբակալված պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը: Նա միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հայտնել, շեշտել, որ միջադեպի ժամանակ Սահակյանը գնահատել է իրավիճակն այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով իշխանական պատգամավորին հասցրել է 1 հարված:
Ի դեպ, բազմաթիվ քաղաքական-հասարակական գործիչներ գրում են, որ այս միջադեպը ՔՊ-ի կոմղից հրահրված սադրանք էր՝ Սյունիքում թշնամու առաջխաղացումից հանրության ուշադրությունը շեղելու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում