
Ո՛չ, մեր վիճակը չի լավանում, նույնիսկ աճի պայմաններում, որովհետև դա որակական աճ չէ, այդ աճի մեջ որակ չկա. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Վերջերս ՌԴ նախագահն ու իր տնտեսագետներն ասել էին, որ տնտեսության մեծությամբ անցել են Գերմանիային և հասնում են Ճապոնիային և գուցե շուտով անցնեն: Ու սա շատերը դարձրել են ծիծաղի առարկա: Իրականում, սուտ չեն ասում, բայց քանի որ խոսում են պատկերի մի փոքր կտորի մասին, կարող ենք ասել, որ մանիպուլացնում են:
Այս նկարից (թվերը ներկայացված են միլիարդ դոլարով) օրինակ երևում է, որ Թուրքիան էլ Ֆրանսիային է անցել տնտեսության մեծությամբ: Ի դեպ այս ՀՆԱ-ները ներկայացված են գնողունակության պարիտետը հաշվի առած (PPP կոչվածը): Այսինքն, որպեսզի տարբեր երկրների ՀՆԱ-ները ավելի ճիշտ համադրվեն հաշվի են առնում այդ երկրների կյանքի որակը (գինը):
Բացատրեմ, թե ինչ է կատարվում:
Երբ Թուրքիայի ՀՆԱ-ն մեծ է Ֆրանսիայի ՀՆԱ-ից, սա չի նշանակում, թե Թուրքիան տնտեսապես ավելի ուժեղ է, քան Ֆրանսիան: Կամ, երբ Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելի մեծ լինի քան Ճապոնիայինը, սա չի նշանակի թե Ռուսաստանը տնտեսապես ավելի ուժեղ է, քան Ճապոնիան:
Տնտեսական ուժը բարդ արտադրանքներ (գիտահեն) պատրաստելու կարողության մեջ է: Օրինակ, Ֆրանսիայում կարող են սուզանավեր և ինքնաթիռներ արտադրել, իսկ Թուրքիայում չեն կարող: Ի դեպ, վերջինս այդ ուղղությամբ աշխատում է և արդեն նմուշ ունեն և սերիական կսկսեն արտարդել 2030-ից (ըստ իրենց հաշվարկների), բայց որ կարողանան ամերիկյան F-16-երին իրենց արտադրածով փոխարինել դեռ մի քանի տասնյակ տարի կպահանջվի:
Նմանապես, Ճապոնիան արագընթաց գնացքներ է կառուցում, որ ռուսները չեն կարողանում և տեխնոլոգիապես շատ ավելի առաջ է քան Ռուսաստանը: Նույնիսկ, եթե առկա որակներով տնտեսությամբ Ռուսաստանը աշխարհի առաջինը դառնա, դա չի նշանակի, որ նրա տնտեսությունը ավելի ուժեղ է, քան օրինակ Գերմանիայինը, որին ՀՆԱ մեծությամբ 2023-ին անցել է: Ռուսներն ընդամենը ավելի շատ հումք են վաճառել, որը նույնպես ՀՆԱ մաս է:
Սա է պատճառը, որ լուրջ չեմ վերաբերվում մեր կառավարության կամ որևէ տեղացի տնտեսագետի պնդումներին, թե մեր վիճակը լավանում է, որովհետև տնտեսությունը մեծ տեմպով աճում է: Ո՛չ, մեր վիճակը չի լավանում, նույնիսկ աճի պայմաններում, որովհետև դա որակական աճ չէ, այդ աճի մեջ որակ չկա ու դրա մեջ գիտելիքահեն արդյունաբերությունը գրեթե զրո է ու հետևաբար, դա կայուն աճ լինել չի կարող:
Ընդամենը առևտրով (ընդ որում վերաարտահանման վրա նստած) և պետության պարտքերով պետական ծախսեր ավելացրած (սրանք նույնպես ՀՆԱ մաս են կազմում) տնտեսության վիճակը ոչ մի պարագայում չի կարող լավ լինել»