Սուրբ Եփրեմ Ասորու խրատն ապաշխարության մասին
Մենք` մեղավորներս, ջանանք իմանալ, թե ի՞նչ է գթությունը: Ընչաքա՛ղց, ուսանի՛ր ինչպես բարեգութ լինել: Եղբայրնե՛ր, աշխարհում միմյանց կարեկից լինենք ճշմարիտ կարեկցությամբ, լի ամենայն մարդասիրությամբ, քանի դեռ նենգադավը այնքան ուժ չունի, որ առևանգի մեր հոգիները: Ինչը որ հայտնի է դարձել ինձ Սուրբ Հոգով, հարկ է որ ամենքն իմանան: Եթե ես անխոհեմ եմ և չեմ պահպանել իմ ուսանածը, թող մեկ ուրիշը ուսանելով պահպանի: Եթե խոսքը մեռած է ինձանում, ապա թող մեռած և անպտուղ չլինի ձեզանում: Չթաքցնե՛նք տաղանդն Արքայի, կյանքով լեցուն սերմե՛ր գնենք դրանով:
Ուշք մի՛ դարձրու ինձ վրա, աշակե՛րտ, եթե շեղվում եմ ուղուց: Եվ եթե ինձ անկյալ ես տեսնում, իմ հետևից մի՛ քայլիր: Աչքիդ առջև ունեցի՛ր Աստծուն և Սուրբ Գիրքը, թող նրա՛նք լինեն քո սնունդը: Ինչպես որ ուսուցանում են նրանք, այդպես էլ ջանա պահպանել պատվիրանները, ինչպես որ սովորել ես, այնպես էլ արա՛: Սիրում եմ ուսմունքը, սակայն չսիրեցի ես պատիժը, վախենում եմ, քանզի միշտ քայլում եմ վատթար ճանապարհներով և լեցուն եմ անօրենությամբ: Ինքս ինձ բժշկելիս իմ վերքերը չեմ կապում, չեմ ջանում արմատախիլ անել մեջս աճած մոլախոտը, սակայն ապրում եմ այդ հույսով և սպասում եմ:
Մի՛ տրտմիր, աշակե՛րտ, քեզ հետ միասին պատիժ է կրում և քո ուսուցիչը: Ինչի՞դ է պետք, որդյա՛կս, անօգուտ տրտմությամբ տառապելը: Ինչո՞ւ լալ մի լացով, որից օգուտ չկա: Նենգադավը միշտ բորբոքում է քո միտքը, որպեսզի դու նրա ժառանգության մասնիկը դառնաս: Սատանան չարամտորեն ջանում է վշտացնել շատերին, որպեսզի առևանգի և հուսաբեկության միջոցով նրանց գեհենը նետի: Առևանգվա՞ծ է քո գանձը: Բայց քո առջև դեռևս բաց է հիասքանչ գանձը գնելու ուղին, դեռևս ժամանակ կա գանձը ժողովելու, միայն թե հույսդ մի՛ կորցրու, այլ աշխատի՛ր հավաքել այն: Թեպետ վիրավորել է քեզ նետը, սակայն լիովին մի՛ տապալվիր: Նույնիսկ մինչև մահ դիմացի՛ր, հարվածից մի՛ վախեցիր, քո սխրագործությունը ցույց տուր` անգամ հարվածի տակ լինելով, որպեսզի քո պսակը հյուսվի պայծառ և փառավոր կտորից: Եթե ավազակը քեզանից հագուստդ խլի, մի՛ ծուլացիր շարունակելու ճանապարհը: Մարտի ժամանակ պատահում է և՛ հարվածել, և՛ հարվածներ ստանալ: Եթե ցուրտը տարել է քո արտը, աճապարիր սերմ ցանել երկրորդ, երրորդ անգամ, համառորեն, անխոնջ, առանց հապաղելու. անկասկած ամպերը կգան, և երկինքն անձրև կպարգևի:
Չարագործը քեզ ուղուց չի շեղել: Մի՛ վախեցիր բեռից, որ վերցրել ես վրադ, գնա՛ միշտ արքայական ճանապարհով: Այն նույն մարտում, որտեղ դու վիրավորվել ես, կարող ես հաղթանակել: Իսկ այն նույն վայրում, որտեղ նախկինում կողոպտվել է քո գանձը, կարող ես նորեն ժողովել այն: Այնտեղ, որտեղ արքա Աքաբը թափեց Նաբովթի արյունը, այնտեզ շները լիզեցին անառակ Աքաբի արյունը, ինչպես Սուրբ Գրքում է ասված: Աքաբը Նաբովթին քշեց նրա սեփական այգուց, իսկ քեզ մեղքն ուզում է հեռացնել Քրիստոսից: Աքաբը դարձավ սատանայի կերպարը, իսկ Հեզաբելը` անառակության պատկերը:
Սատանան և անառակությունը տենչում են քո արյունը, ինչպես անօրեն Աքաբն էր տենչում Նաբովթի արյունը: Ինչպես նա խարդավանքով սպանեց արդարին, այնպես էլ ընդունեց Արդարի դատը, փութաց խարդավանքով կործանել անմեղին, որպեսզի շուտով նրա համար վրիժխնդիր լինի Աստված: Եվ այժմ մեզանում անտեսանելի պատերազմ է մղվում, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6:12):
Սատանան մարդկանց դեմ մարտնչում է գաղտնի, դավադրաբար, իսկ Քրիստոս բացահայտ ձախողում է նրա բոլոր դավերը և մեզ ուժ է պարգևում ոտնատակ տալու նրան: Քո պատերազմը, եղբա՛յր, մի սովորական, ծիծաղի արժանի բան չէ, ընդհակառակը, բոլոր հրեշտակները և նրանց Տիրակալը նայում են քո այդ պատերազմին, որը վարում ես թշնամու դեմ: Այսպիսով, երբ դու հաղթես թշնամուդ, Աստված և հրեշտակները կծափահարեն քեզ, իսկ հրեշտակները բերկրելով կփառաբանեն Աստծուն, որ նենգադավին հաղթելու ուժ պարգևեց քեզ: Այդ պատճառով մարտն ավելի ու ավելի է կթեժանա, որպեսզի դու բարեհնար դառնաս, Աստված փառաբանվի և մարդիկ հետևեն քեզ:
Ուստի և, ինչպես վերն ասացինք, եթե նենգադավ թշնամու նետը խոցի քեզ, ամենևին մի՛ հուսահատվիր: Ընդհակառակը, քանի անգամ էլ որ հաղթվես, պարտված մի՛ մնա, այլ իսկույն ոտքի ե՛լ և մարտնչի՛ր թշնամու դեմ, քանզի Սխրագործության Հիմնադիրը միշտ պատրաստ է Իր աջը մեկնելու քեզ և ընկածդ տեղից բարձրացնելու: Հենց որ առաջինը Նրան երկարես քո աջը, այնժամ Նա էլ քեզ կմեկնի Իր աջը, որպեսզի քեզ ոտքի կանգնեցնի: Իսկ անպիտան թշնամու միակ ջանքն այն է, որ հենց ընկնես, քեզ անհուսության մեջ նետի: Այսպիսով, սիրասո՛ւն, մի՛ հավատա նրան, բայց եթե օրը յոթ անգամ էլ ընկնես, ջանա ոտքի ելնել և Աստծո գութը շարժել ապաշխարանքով: Քսակը դատարկելուց հետո ի՞նչ միտք ունի թաքցնել այն: Ո՞ր մի վաճառականը, երբ առևտուր չլինի, կժողովի մնացած ապրանքները և ծովը կնետի: Մի՛ լքիր քո զենքը, որքեզ Քրիստոսն է տվել, թիկունք մի՛ դարձրու թշնամուդ առաջ, որպեսզի չվիրավորես Տիրոջը:
Ներկայացնում եմ քեզ բացահայտ և պարզ ապացույց: Այս ունայն աշխարհի հակամարտիկը, եթե նույնիսկ թշնամին նրան խորը խոցի, մարտից՝ չի խուսափի ինքն իր մեջ հուսաբեկվելով, քանզի թեև առժամապես պարտված է, սակայն հետագայում գուցե ի՛նքը հաղթանակի:
Մի՛ հետաձգիր, բարեկա՛մ, օրըստօրե քո աղերսն Աստծուն, որպեսզի հանկարծ քեզ վրա չգա ահարկու Դատավորի դատաստանը, որ կոչում է քեզ վերադարձնելու այն ամենը, որ ձեռք էիր բերել նրա տաղանդներով, և որպեսզի դու գովասանքների փոխարեն ոտ ու ձեռքդ կապված, դատապարտված չնետվես անհուն խավարը: Քանի դեռ ժամանակ կա, ջանա՛ ծնկաչոք ընկնել Դատավորի առաջ, որպեսզի Նա ների քո բոլոր մեղքերը, և մենք բերկրենք քեզ հետ, եղբա՛յր, և Աստված փառաբանվի: Նրան արժանի է փառք և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն: