Ես որևէ հիմնավոր քաղաքական և տնտեսական պատճառ չեմ տեսնում, որ Լարսը փակեն․ Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը չի տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, որը կարող է խոչընդոտել հայկական բեռնատարների երթևեկությանը Վերին Լարսի անցակետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին հայտարարեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Նախարարը նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չունի այն մասին, որ ռուսական կողմը փակել է Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար:

«Պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել, որպես նախարար չունեմ որևէ տեղեկատվություն, որն առնչություն ունի ձեր ներկայացրած տեղեկատվությանը: Հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Որևէ քաղաքական, տնտեսական և աշխատանքային պատճառ չեմ տեսնում»,- հայտարարեց Գևորգ Պապոյանը:

Նա նկատեց նաև, որ Հայաստանը որևէ երկրի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում խնդիր չի տեսնում:

«Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, կողմ ենք Հայաստանի Հանրապետությանը: Եթե Հայաստանի շահը պահանջում է, որ մեր ապրանքները վաճառվեն արաբական երկրներում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ասիայի տարբեր երկրներում՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ այդ բոլոր տեղերում վաճառենք՝ ըստ մեր հնարավորությունների և պոտենցիալի»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս