Ուկրաինային խաբեցին, կոտրեցին, գցեցին մի կողմ, նոր զոհ են փնտրում, չստացվի՝ նոր զոհը Հայաստանը դառնա․ Զախարովա
«Այնպես չլինի, որ Արևմուտքի հերթական զոհը դառնա Հայաստանը»,- այսօր՝ հերթական ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարել։
Զախարովան նախ հարցը տվող ադրբեջանցի լրագրողուհուն հորդորեց տալ հարցեր, որոնք վերաբերում են սեփական երկրին՝ հավելելով, որ նման պրակտիկա է կիրառվելու առաջիկայում, և նման հարցերի չի պատասխանելու։
Զախարովան նաև երկար խոսեց հայոց պատմության, դրա բարդ հանգրվանների, ցեղասպանությունների, տարածքային վեճերի ու հայ ժողովրդի կրած դժվարությունների մասին։
Նա հայտարարեց, որ Կիևի ռեժիմին ու Ուկրաինային «կոտրել», «գցել» է Արևմուտքը։
«Հույս ունենանք, որ նման բան տեղի չի ունենա Հայաստանի հետ, քանի որ ՀՀ-ն ծանր պատմական ճանապարհ է անցել՝ ցեղասպանությունից՝ սուվերենություն և պայքար սեփական մշակույթի համար»,- ասաց Զախարովան՝ շարունակելով, որ ՀՀ-ն ու հայ ժողովուրդն արժանի են ապրել խաղաղ երկրում, որևէ պարագայում չդառնալով մանրադրամ արևմտյան խարդախ քաղաքական գործիչների ձեռքում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ՀՀ-ն ՌԴ հարևանն ու բարեկամն է, և ՌԴ-ն խաղաղություն ու բարգավաճում է ցանկանում ՀՀ-ին։
«Ցավոք, տեսնում ենք, որ Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային որպես քրքրված խաղալիք՝ առանց ձեռք ու ոտք, նոր զոհ է փնտրում, և այնպես չլինի, որ այդ զոհը Հայաստանը դառնա, որին կխաբեն, կգերեն։ Հայաստանը պատմական փորձ ունի և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»,- ասաց Զախարովան՝ շարունակելով, որ ՀՀ որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ավելացած ուշադրությունն ընկալում են՝ որպես «панацея» միջոց, բայց պետք է խորքը նայել։