Առաջին իսկ օրվանից սիրել եմ ծանրամարտը, բայց այս մարզաձևում ոչինչ հեշտ չէ. Ալեքսանդրա Գրիգորյան
Սպորտային հաջողության գինը կամքն է, համառությունն ու երազանքին ամեն գնով հասնելու ձգտումը: Ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնության հայտնությունն, անխոս, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն էր: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը 8 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոն ունի:
Գրիգորյանի հետ մեր հանդիպումը կայացավ Գյումրու «Մարզական բարձրագույն վարպետության» դպրոցում: Իրար կողքի մարզվում էին պատանիների, երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնության մի շարք մեդալակիրներ, բայց մարզվում էին պահանջկոտ մարզչի ղեկավարությամբ, քանի որ մարզիչը՝ Քրիստինե Պետրոսյանը, գիտի՝ սպորտում արդյունքի են հասնում անվերապահ նվիրվածություն ունեցող մարզիկները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալեքսանդրա Գրիգորյանը խոսեց ծանրամարտում իր առաջին քայլերի, մարզաձևի յուրահատկության և իր առաջիկա նպատակների մասին:
-Ալեքսանդրա, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:
-Ծանրամարտի հետ իմ ծանոթությունը, որպես այդպիսին, եղել է քրոջս միջոցով: Նա էր հաճախում մարզումների: Ես, նրան տեսնելով, ոգևորվել էի, ուզում էի ինքս ինձ փորձել: Հետաքրքիր էր, թե այդ ինչ է, որ քույրս այդպես մարզվում է: Այդ ժամանակ 11-12 տարեկան էի և չէի էլ հասկանում, թե ինչ տեսակի մարզաձև է ծանրամարտը: Առաջին իսկ օրվանից սիրել եմ ծանրամարտը, բայց այս մարզաձևում ոչինչ հեշտ չէ:
-Արդյոք եղե՞լ է մի պահ, որը բեկումնային էր, որից հետո հասկացաք, որ ծանրամարտը Ձեր մարզաձևն է:
-Եթե անկեղծ, ամեն տարիքային խումբ իր բարդությունն ու դժվարությունն ունի: Բայց ինձ համար կարևոր էր 2023 թվականին Մեքսիկայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ դարձա աշխարհի չեմպիոն: Այդ մրցաշարից հետո էլ սկսեցի մտածել, որ կկարողանամ մեծահասակների մրցաշարում էլ մրցունակ լինել:
-Ալեքսանդրա, հիմա, երբ արդեն Եվրոպայի չեմպիոն եք, մեծանում է պատասխանատվությունը: Ինչպե՞ք եք մոտենում այդ պատասխանատվությանը:
-Եվրոպայի առաջնությունն արդեն մոռացել եմ ու առաջ եմ անցել: Ինձ համար պատասխանատվությունն այն է, որ դեռևս 19 տարեկան եմ և կարող եմ երիտասարդների մրցաշարերին մասնակցել: Եվրոպայի չեմպիոնությունից հետո ինձ համար պատասխանատվությունն այն է, որ երիտասարդների շարքում ցածր արդյունքն անընդունելի կլինի: Պետք է հնարավորինս ուժեղ լինեմ, որ ամոթով չթողնեմ ձեզ:
-Իսկ ի՞նչ է փոխվել փետրվարի 15-ից հետո (նա Եվրոպայի չեմպիոն է դարձել հենց այդ օրը): Ինչպե՞ս եք հիշում չեմպիոնությունը:
-Եթե անկեղծ՝ ոչինչ էլ չի փոխվել: Միայն նոր տիտղոս է ավելացել: Բայց նաև գիտեմ, որ վաղը կամ մյուս օրը, եթե արդյունք չունենամ, մարդիկ դա մոռանալու են: Եթե անկեղծ՝ չեմպիոնության մասին ինձ հիշեցնում են միայն լրագրողները:
– Բոլորս ունենք մեկին, ով մեզ համար մոտիվացիայի աղբյուր է, օրինակելի անձ: Ո՞վ է Ձեր օրինակը ծանրամարտում:
-Հռիփսիմե Խուրշուդյանը: Ես նայել ու սովորել եմ նրանից մեր ընդհանուր ուսումնամարզական հավաքների ժամանակ: Հռիփսիմեն մեզ սովորեցրել է, որ ծանրամարտում ամենակարևորը կամքի ուժն է: Եվ մենք տեսնում ենք, որ նա այս տարիքում, այդքան դժվարությունից հետո այդքան ձգտում ունի: Նա մեզ ասում է, որ այդ տարիքում մենք էլ կարող ենք մեծ արդյունքների հասնել:
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
– Ասում են, որ մարզիկների հաջողությունների համար երկու գործոն կա՝ տաղանդ կամ ջանասեր աշխատանք։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք:
-Կարծում եմ՝ երկուսից էլ պետք է ունենալ, բայց աշխատասեր պետք է լինես ավելի շատ, քանի որ տաղանդը քիչ է: Տաղանդը, գուցե, այդքան էլ պետք չէ, քանի որ մարզումների, կամքի ուժի միջոցով կարող ես ուժեղանալ:
-Ալեքսանդրա, կանանց՝ ծանրամարտով զբաղվելը Հայաստանում դեռևս այդքան էլ միանշանակ չի ընդունվում: Ի՞նչ կարծիք ունեք Դուք, որքանո՞վ է ծանրամարտը կանացի մարզաձև:
-Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի: Մենք էլ մեր մարզումներով, մեր հաջողություններով ապացուցում ենք, որ ծանրամարտով կարող են նաև կանայք զբաղվել:
-Իսկ ո՞րն է Ձեր հաջորդ մեծ նպատակը:
-Իմ նպատակներից մեկն Օլիմպիական խաղերի մեդալ նվաճել է: Եվ, ինչո՞ւ ոչ, նաև մեծահասակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չէ որ հիմա միայն Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոնի կոչում ունի: Կուզենայի, որ մեր սերունդն էլ չեմպիոն ունենա:
-Եվ վերջում, ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:
-Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև մեծահասակների աշխարհի առաջնությունը:
-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի