Ռուսները մեզ նարկոզ են տվել՝ 6 տարի փրթում են մեզ. չէի՞ն կարում Բաքվից 3 նախագահներին բերեին. Սասուն Միքայելյան
«Մեզ՝ որպես կառույց, ձևավորել է սպարապետը՝ 1993 թվականին։ Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքին է։ Ինչ վերաբերում է Երկրապահին, նա այսօր իր գործն է անում։ 44-օրյա պատերազմից մինչև այսօր մեր պետական սահմաններն է պահում, լավ տեղյակ եք, որ ուղղություններով։ Մենք մեր գործն ենք անում, այսինքն՝ այն, ինչ սկսել էր սպարապետը, մենք շարունակում ենք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծառայությանը հայրենիքին և բանակին:
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։
Իսկ Սասուն Միքայելյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներին զուգահեռ, հայ ազգը պետք է մի քիչ խելոք ու համախմբված լինի, որպեսզի հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպի։
Լրագրողի հարցին՝ խելացի լինելով՝ ի՞նչ նկատի ունի, թշնամին կրակի, հայկական կողմը լռի՞, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ թշնամու կրակոցի հետ լրագրողները գործ չունեն։
«Թշնամու կրակոցի դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ։ Եթե դուք կրակոցից այստեղ պիտի խոսեք, դա ձեր խնդիրն է։ Պիտի համախմբված լինենք։
Ներքին Հանդում եթե եղել եք, ապա լավ գիտեք, որ մենք արդեն 3-4 տարի այնտեղ ենք։ Չեմ ուզեցել ամեն ինչ տարածվի, միշտ ասում էիք՝ ԵԿՄ ո՞ւր է, գնացեք տեսեք, թե ուր է։ Կրակոց լինում է, մենք էլ պատասխանում ենք»,- շեշտեց Սասուն Միքայելյանը։
Ինչ վերաբերում է Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրությանը, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, Սասուն Միքայելյանն ասաց, որ այդ ամենն ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար։
«Բայց այդ տղային բռնե՞լ են, նա ինձ հետ է եկել Հանդից, հենց դա է, էլի, որ ասում եմ՝ զգույշ պիտի լինենք։
ԵԿՄ-ի համար մի մտահոգվեք, մեր կյանքը միշտ էլ այդպես վտանգների տակ է եղել, այդպես էլ կգնա, դա մեր խաչն է, մենք տանում ենք»,- շեշտեց լրագրողներին զգուշության կոչ անող, բայց գաղտնիքներ հրապարակող Սասուն Միքայելյանը։
Հաջորդ հարցին՝ ճի՞շտ է համարում, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին, Սասուն Միքայելյանը, որ ամենայն հավանականությամբ տեղյակ չէր ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, նախ զարմացած հարցրեց՝ հանձնե՞լ են Ադրբեջանին, ապա հիշեցրեց՝ հայկական կողմն էլ Բաքվում գերիներ ունի։
«Դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրը սահման պահելն է, այն, ինչ-որ քաղաքական պրոցեսներ են, ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»,- շեշտեց նա։
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսե՞լ է այն հարցի շուրջ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը նա ճանաչել է Ադրբեջանի մաս, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ մի քիչ խելոք պետք է լինեն, նախկինում համախմբված էին, դրա համար էլ հնարավոր եղավ Արցախն ազատագրել։
«Այսօր ե՞ս էլ եմ մեղավոր այդ հետ տալու պահով, թե՞ այն նախորդ պետական այրերն են մեղավոր։ Այսօր պարզ ասեմ, մեր երեք նախագահները գերեվարված են, ՊԲ նախկին հրամանատարը։ Այսօր այն անձինք են այնտեղ, որ 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չէի՞ն կարող նրանց բերել Հայաստան։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո էլ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, մեր համար ի՞նչ արեցին, նարկոզ տվեցին, 6 տարի մեզ փրթում են»,- ընդգծեց ԵԿՄ նախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում