Քար լռություն է, ՀՀ իշխանություն կոչվածներին չեն հետաքրքրում Ադրբեջանում պահվող գերիները և Արցախում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերը. Հովիկ Ավանեսով

Ադրբեջանի կողմից գերվարված և Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հերթական շինծու մեղադրանքն է առաջադրվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Նրանց Ադրբեջանի իշխանությունը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել։

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի համար այս ամենն ուղղակի զավեշտալի է, քանի որ ամբողջ աշխարհի աչքի առաջ է այսօր Արցախում Ադրբեջանը ոչնչացնում դարերի հայկական մշակույթը՝ դրանք ձևախեղելով ու ներկայացնելով՝ որպես ադրբեջանական։

Նա շեշտում է՝ այս մեղադրանքը, ինչպես նաև մյուս մեղադրանքները, ամբողջությամբ անհեթեթություն են։

«Արցախի իշխանությունը 30 տարուց ի վեր իր ամբողջ ուշադրության կենտրոնում է պահել Արցախի բոլոր պատմամշակութային հուշարձանները։ Ավելին՝ Արցախի կառավարության և մասնավոր հիմնադրամների միջոցով Շուշիի մզկիթներն է վերականգնել՝ պահպանելով հուշարձանների վերականգնման համար բոլոր չափանիշները, ընդ որում, այդ վերականգնողական աշխատանքներին ներկա են գտնվել նաև ոլորտի Իրանի փորձագետները։ Սա խոսում է այն մասին, որ Արցախի իշխանությունների մոտ որևէ տարբերություն չկա, թե Արցախի տարածքում գտնվող ճարտարապետական կոթողները կրոնական ինչ բնույթ էին կրում։ Այդ հուշարձանները դիտարկվում էին՝ որպես համընդհանուր, համամարդկային արժեք ունեցող հուշարձաններ, և բոլորի նկատմամբ կար հավասար վերաբերմունք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ՝ այս պահին Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում գտնվող հուշարձանների ոչնչացման կամ ձևախեղման քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպան քաղաքականությունն այնպես, ինչպես Թուրքիան էր անում պատմական Հայաստանում։

«Ընդ որում, այս քաղաքականությունը ոչ միայն հիմա է, այլև եղել է Խորհրդային Միության ժամանակ՝ ամբողջ պատմական Արցախի տարածքում Ադրբեջանն իրականացրել է վանդալիզմի հազարավոր դեպքեր։ 90-ականներին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին օգտագործել է՝ որպես զենքերի պահեստ։ Այնտեղ կուտակում էր գրադներ, հրթիռային կայաններ, որտեղից էլ թիրախավորում էր Ստեփանակերտը։ Թիրախի տակ էր Գանձասարի վանական համալիրը, նրան կից կառույցները վնասվել էին։ Եկեղեցու պատերին այդ թիրախավորման հետքերը մինչ օրս մնում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հովիկ Ավանեսովը նաև հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի ցեղասպանության ու բռնի տեղահանությունից հետո, ամենօրյա պարբերականությամբ Արցախում արձանագրվում են վանդալիզմի դեպքեր՝ ոչնչացվում են ոչ միայն հուշարձանները, այլև ամբողջական բնակավայրեր։

«Այս ամենի մասին այսօր խոսում են միայն հայ փորձագետները և ակադեմիական շրջանակները, նաև Առաքելական եկեղեցին, իսկ պետական մակարդակով ոչինչ չի արվում՝ քար լռություն է։

Մինչդեռ այսօր պետական մակարդակով պետք է բարձրաձայնվեր, որ Արցախում ոչնչացվում է ամեն հայկականը, և սա թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռագիրն է։ Նման փաստեր ունենալով, թույլ տալ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր անհեթեթ մեղադրանք առաջադրվի՝ ուղղակի աբսուրդ է, սա բարոյական չէ։ Հայաստանի պետական դիվանագիտության օրակարգում առաջիններից մեկն այս հարցը պետք է լիներ՝ մեր գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջի հետ միասին։ Բայց ո՛չ, մենք ունենք հակառակ իրականությունը՝ պետական մակարդակով այս ոչ իրական խաղաղության քարոզն առաջ տանելով, հետին պլան են մղվում կարևոր ու առաջնային հարցերը։ Ադրբեջանի դեմ չեն կիրառվում հակազդման մեխանիզմներ։

Եթե նախկինում պետական մակարդակով նման դեպքերի ահազանգեր լինում էին, համարժեք գործողությունների էինք ականատես լինում։ ՀՀ իշխանություն կոչվածներին ոչ միայն չեն հետաքրքրում Ադրբեջանում պահվող մեր գերիները, այլև Արցախում տեղի ունեցող ցանկացած վանդալիզմի դեպք»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Հիշեցնենք, մեկ տարին լրացել է, ինչ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս