Եթե դրսից որոշեն փոխել Փաշինյանին, ապա հարմար մարդուն կգտնեն, որքան էլ նա փորձի չեզոքացնել հնարավոր թեկնածուներին. դա կլինի արտաքին հեղաշրջում․ Հակոբ Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

Հարցազրույցի մանրամասները՝ ստորև․

  • ՀԱՊԿ թեման Հայաստանի քաղաքական վերնախավի համար հարաբերությունների կառուցման տեսանկյունից խաղաքարտ է, որն օգտագործվում է հայտարարությունների տեսքով։ Արևմուտքում չկա հստակ գնահատական, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր հայտարարություններն օգտագործում է ներքին սպառման և Արևմուտքի համար՝ որպես քաղաքական խաղաքարտ։
  • Ռուսաստանը Հարավային Կովկասի հանդեպ վարում է մարտավարական նահանջի քաղաքականություն և հիմա դե յուրե փորձում է առավելապես նվազ պատասխանատվություն վերցնել։ Ադրբեջանն այլ քաղաքականություն և խաղ է վարում խորքային հետագծով՝ արդեն երկու-երեք տասնամյակ։ Ռուսաստանն ալիբի է ստանում Հայաստանի այսօրվա իշխանության միջոցով, Հայաստանը փորձում է այդ խաղը կապիտալիզացնել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Այն հռետորաբանությունը, որ ՀՀ իշխանությունը ծավալում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտը թեժացնելու նպատակով՝ չեն արդարացնելու։ Եթե ՀՀ իշխանությունն ամբողջապես որդեգրել է Ռուսաստանին այստեղից դուրս հանելու քաղաքականությունը, ապա դա մեծ արկածախնդրություն է: Միգուցե ՀՀ իշխանությունը փորձում է այդպիսով Արևմուտքին բերել տարածաշրջան, որպեսզի Արևմուտքը ստիպված լինի զսպե՞լ Ադրբեջանին։
  • Այսօր շարունակում են սեղմվել աշխարհաքաղաքական մուրճն ու սալը։ Մենք ի՞նչ ենք կարողանում աշխատեցնել, եթե ռազմաքաղաքական այդ բլոկի՝ ՀԱՊԿ-ի հետ կոնֆլիկտի մեջ ենք մտնում, բացի նրանից, որ, ասենք, գուցե Արևմուտքը խոստումներ է տվել ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Մենք՝ որպես պետություն, պետք է աշխատենք մեր ներքին որակները բարձրացնելու վրա, եթե չենք աշխատում, ապա ստիպված ենք լինելու արկածախնդրային մեթոդների դիմել, որը միարժեք վտանգավոր բան է։ Անհրաժեշտ է բավարար հմտություն՝ ծուղակներում չհայտնվելու համար, անհրաժեշտ է նաև Արևմուտքի հետ մտածված աշխատել։
  • Վիզաների ազատականացումը ԵՄ կարկանդակն է, որպեսզի Հայաստանն Ադրբեջանի հետ գնան խաղաղության պայմանագիր ստորագրելու համաձայնության։
  • Բնականաբար, ինքնիշխան պետությունն ինքը պետք է պահպանի իր սահմանները, բայց այդ հարցերը կոնֆլիկտի ճանապարհով չեն լուծվում։ Ռուսաստանի հետ պետք է գնալ երկխոսության։ Կա տպավորություն, որ Արևմուտքից են նման պահանջ դրել, և հայկական կողմն արագացնում է այդ գործընթացը նման հայտարարություններով։
  • Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է, ուստի չի բացառվում, որ կյանքի և մահվան տրամաբանությամբ մոտենա Կովկասին, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Երևանն իր քայլերով փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Արևմուտքը կարողանա Հայաստանում անվտանգության առումով պատասխանատվություն վերցնել: Արևմուտքը, սակայն, ամբողջական պատասխանատվություն չի վերցնելու, բայցև ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում խնդիրներ ստեղծի Ռուսաստանի և Իրանի համար։ Կկարողանա՞ պաշտոնական Երևանը նուրբ խաղ տանել ստեղծված իրավիճակում, դժվար է ասել։

Կարդացեք նաև

  • Իրանի համար կարևոր է, որ Կովկասում հրդեհ չբռնկվի, բայց եթե ռազմավարական փոփոխության բախվի՝ ստիպված է լինելու Արևմուտքի հետ գնալ զիջումների, ուստի այդ փոփոխություններն Իրանի համար այդքան էլ ցանկալի չեն։
  • Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները կանխարգելիչ, զգուշացնող բնույթ էին կրում։ Ռուսաստանի համար Հայաստանում թեկուզ փոքր պասիվ ներկայությունը կենսական նշանակություն ունի, իսկ դա վտանգի տակ դնելն արկածախնդրային է։ 
  • Մենք չգիտենք՝ աշխարհում ինչ զարգացումներ են լինելու, ինչ բլոկներ են ձևավորվելու, որ հիմա խոսենք արտաբլոկային, արտադաշինքային հարաբերությունների մասին։ Բլոկային, թե արտաբլոկային հարցերի մասին հնարավոր կլինի խոսել, երբ տեսնենք, թե աշխարհում ինչ փոփոխություններ են կատարվում։
  • Նախ, Ադրբեջանը դե յուրե ոչ բլոկային պետություն է համարվում, բայց Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր ունի, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ստացվում է, որ Ադրբեջանն անուղղակիորեն ՆԱՏՕ-ին է առնչվում: Եվ երկրորդ՝ վերջին երկու տասնամյակում աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ են եղել, որ դեռ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ի՞նչ քաղաքականություն կվարի, արտաբլոկայի՞ն, թե՞ ռազմաքաղաքական որևէ բլոկի մեջ կմտնի։
  • Ռուսաստանին մեղավոր նշանակելը, այն դեպքում, երբ Հարավային Կովկասում խաղադրույք կատարողները շատ են, նշանակում է, որ մենք կկորցնենք, իսկ խաղացողներն իրենց նպատակին կհասնեն՝ տարածաշրջանում ապակայունություն ստեղծելով։
  • Նիկոլ Փաշինյանի այցն Աթենք կապ ուներ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած հանդիպումների և շփումների հետ՝ ֆրանս-հունական համագործակցության տեսանկյունից ելնելով։ Վրաստանի հետ էլ ակտիվ շփումներ տեղի ունեցան, սա վկայում է, որ պաշտպանական ոլորտին առնչվող հրատապ քննարկումներ են տեղի ունեցել։
  • Էդմոն Մարուքյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել կամ արտահերթ հնարավոր ընտրություններով, կամ գուցե Մարուքյանն իր քաղաքական մարտավարությունն է փորձում մշակել։ Չի բացառվում նաև, որ արտաքին դաշտում կան այնպիսի զարգացումներ, որոնց հետ Մարուքյանը չի ուզում առնչություն ունենալ կամ դրանց համար պատասխանատվություն ստանձնել։
  • Եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից համակարգվեն Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները, հնարավոր է իշխանության կամ ղեկավարի փոփոխություն, բայց դա պալատական հեղաշրջում չի լինի։ 
  • Պալատական հեղաշրջումն անհավանական է: Հայաստանում կառավարող ուժը նույնիսկ պալատական հեղաշրջում կատարելու ներուժ չունի: Միայն արտաքին ուժերի դրդմամբ է հնարավոր, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը նշանակվի։ Աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնից կարող են այդպիսի օպերացիա իրականացնել, բայց դա պարզապես կլինի արտաքին հեղաշրջում Հայաստանում: 
  • Մամուլում հրապարակվել էր իշխանության ներսում տեղի ունեցած քննարկումներից մեկի մանրամասները, որի ընթացքում ՔՊ-ականներից մեկն ասել էր՝ եթե Նիկոլ չլինի, ՔՊ էլ չի լինի: 

  • Խոցելի է այն իշխանությունը, որը մեկ մարդուց է կախված: Հայաստանը մոնոլիտ իշխանության ռեսուրս չունի, ուստի հնարավոր է՝ Փաշինյանը փորձի բազմակենտրոն իշխանություն ձևավորել և դրա միջոցով պահել իր դիրքերը։
  • Եթե դրսից որոշեն փոխել Փաշինյանին, ապա հարմար մարդուն կգտնեն, եթե անգամ Փաշինյանը փորձի չեզոքացնել հնարավոր թեկնածուներին։ Բայց կարծում եմ՝ դրսից նման նպատակներ չկան, քանի դեռ հստակեցված չէ Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակը։
  • Նոր պատերազմի հավանականության մասին ավելի շատ խոսում են աշխարհաքաղաքական այն կենտրոնները, ում ձեռնտու է Հարավային Կովկասում նոր կրակի օջախ ստեղծել: Ռուսաստանը և Իրանը մոտիվացված չեն տարածաշրջանում ապակայունացում ստեղծելու հարցում: Նման մոտիվացիա ունեն այն երկրները, որնք խնդիրներ ունեն Ռուսաստանի և Իրանի հետ: Թուրքիան և Ադրբեջանն էլ օգտվում են այս իրավիճակից: Նրանց համար տարբերություն չկա՝ մեզանից կտոր կպոկեն Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս