Ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու, ծառայողական գործունեությանը միջամտելու համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը):

Դատախազը 2024 թվականի փետրվարի 29-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հունվարի 19-ին ջրային պարեկների և մի խումբ ձկնորսների միջև բախումներ էին տեղի ունեցել։ Ջրային պարեկները փորձել էին կանխել ապօրինի ձնկորսության դեպքերը, ձկնորսներն ընդդիմացել էին․ նրանց միջև վեճը վերածվել էր բախումների։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս