ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է․ Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Ալիևի օգնականի պահանջներին

Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան։

«Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, դա նաև ամրագրված է եղել համատեղ հայտարարություններում։ Բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և դա կլինի խաղաղության պայմանագիրը»,– ընդգծեց Ռուբինյանը։

Նա շեշտեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում կան երկու կետեր, որոնք վերաբերում են այս հարցերին։ Պարզաբանեց՝ դրանք այն երկու կետերն են, որոնց շուրջ երկրները նախնական համաձայնության են եկել։

«Դրանցից մեկում ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը։

Նրա կարծիքով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

Տեսանյութեր

Լրահոս