Իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին. Նարեկ Մալյանը հրաժարվեց ցուցմունք տալ. նա ելույթ է ունեցել դատարանում
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ելույթ է ունեցել դատարանում, որում ասված է.
«Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:
Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:
Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել:
Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում:
Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:
Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:
Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:
Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.
1. Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։
2. Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
3. Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:
4. Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:
5. Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:
6. Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:
Շնորհակալություն
Հարգանքով՝ քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան»։