Պարտականության ու սիրո միջև կանգնած ՀՀ հպարտ քաղաքացին. Փաշինյանի հարկատու հերոսների շարքը համալրվում է, պետական պարտքը՝ ավելանում, սահմանները՝ կրճատվում
«Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ». տարեմուտին ահա այս ուղերձով Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացիներին հիշեցրեց՝ ինքն այլևս արագաչափեր փակող Նիկոլը չէ, այլ քաղաքացուց առավել քաղաքացի Նիկոլ Փաշինյանը:
Այս նախերգից հետո արդեն մայրաքաղաքում քաղաքացիները հարկերի հետ ամանորյա նվեր ստացան տուրքերի՝«կարմիր գծերի» 160 հազար դրամանոց փաթեթը: Արդեն օրերս էլ կառավարության նիստից տեղեկացանք, որ հարկվելու են ոչ միայն ըմբոստ խոպանչիները, այլև շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Սա էլ դեռ ամենը չէ. ՊԵԿ նախագահը հայտնեց, որ հարկային վարչարարությունը հատելու է հպարտ քաղաքացու բանկային գաղտնիքի սահմանը. հարկային մարմինը բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ կստանա:
«Եղելու ու դեղելու» տեխնոլոգիայով այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է. «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է»:
ՀՊՏՀ պրոֆեսոր, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հարկային համակարգի այս լարումը համարում է տնտեսական բացասական սցենարների, աճող ծախսերի ուղիղ հետևանք:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետը թեև արձանագրեց, որ պետությունը հանրային ծառայությունները մատուցող ինստիտուտ է, որին հանրային շահով առաջնորդվելիս պետք են հարկերի տեսքով հավաքագրվող ռեսուրսներ, այդուհանդերձ շեշտեց. «Հարցն այն է, թե այդ բեռը որ բաշխում է հասարակության վրա, որքանո՞վ է ողջամիտ, հարկային բեռը որքանո՞վ է նպաստում տնտեսության զարգացմանը, կամ՝ խոչընդոտում, և, ընդհանրապես, հարկման բոլոր սկզբունքներն ապահովվո՞ւմ են, թե՞ ոչ: Այս տեսանկյունից խնդիրներ կան:
Գլխավոր հարցը լարվածությունն է. ծախսային այն սցենարը, որ վերջին տասնամյակներին և հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում գոյացել է, հարկային բեռը բազմակի ավելացրել է: Ավելացել են պաշտպանության ծախսերը, քանի որ երկրի անվտանգությունը խոցելի վիճակում է, բանակը պետք է զինել, սահմանները կահավորել: Մեկ այլ բեռ է ավելացել, որն ավելացրել է հենց այս կառավարությունն իր ձեռքով՝ պարտքի բեռը: Ներքին և արտաքին պարտքի մոտ 350 միլիարդ դրամ սպասարկման ծախսն աստղաբաշխական թիվ է»:
Այս իրողությունների պարագայում, ըստ նրա, «բնական» է դառնում պետության կողմից նման հարկային քաղաքականությունը:
Վերջին օրերին աղմուկ բարձրացրած «խոպանչիների» հարկային պարտավորությունների հարցում պետության հետքայլն Ատոմ Մարգարյանը համարեց ժամանակավոր և իրադրային լուծում:
«Եթե դու մի տնտեսական տարածքում ես, ԵԱՏՄ համակարգում ես, և աշխատանքի շուկան միասնական է, պետք է ներդաշնակեցնել հարկերը՝ հատկապես աշխատավարձից գանձվող հարկերը, ոչ թե թողնել զգալի մեծ տարբերություններ, որ նման հուզումներ առաջանան, ճանապարհներ փակեն: Դա լուրջ հարց է, որը վերջին 7-8 տարիներին գոյացել է, և այդ հարցին լուծում չի տրվում:
Այդ խնդիրները լուծում են կրկնակի հարկումից խուսափելու միջպետական համաձայնագրերով. ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի նման համաձայնագիր, և պետք է հիմք ընդունել այդ համաձայնագիրն ու հանգիստ թողնել մարդկանց: Ի վերջո, արտագնա աշխատողները, որոնք դրսում գումարներ են վաստակում և եկամտային հարկն այնտեղ են վճարում, անուղղակիորեն մասնակցում են ՀՀ բյուջեի եկամուտների ձևավորմանը՝ գումարները փոխանցելով իրենց ընտանիքներին, այդ գումարներով ՀՀ գալով ու այստեղ ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարումներ կատարելով, իսկ դրանցից գոյացող հարկերը գնում են բյուջե:
Այսինքն՝ ի՞նչ, եթե մարդկանց կտրում ես այդ հնարավորությունից, դու համահարթում ես այդ ձևով, տարբերությունն այստեղ գանձում ես, ի՞նչ խնդիր ես լուծում: Մարդիկ չեն մեկնի արտագնա աշխատանքի, կմնան այստեղ, որպես կանոն՝ գործազուրկ»,- խնդրի մասին իր դիտարկումներում ընդգծեց նա:
Մասնագետը նկատեց՝ փոփոխություների փաթեթը, որ առաջարկվել է ՊԵԿ-ի կողմից՝ իրադրային լուծում է, իսկ հիմնարար լուծումը հնարավոր կլինի կառուցվածքային խնդիրները լուծելուց հետո:
«Դու պետք է խրախուսես աշխատատեղերի ստեղծումը երկրի ներսում, հետևաբար՝ անհրաժեշտ է դիֆերենցված հարկային քաղաքականություն. այն ներդրողները, որոնք կստեղծեն ռեալ աշխատատեղեր, որոնք արտադրության ու արտահանման խնդիրներ կլուծեն, նրանց հարկադրույքները պետք նվազեցել, արտոնյալ ռեժիմներ սահմանել: Նման բաների մասին չեն մտածում մեր պաշտոնյաները, այլ փորձում են կոսմետիկ փոփոխություններով, իրավիճակի և ճնշումների ազդեցությամբ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխություններ կատարել»,- հավելեց տնտեսագետը:
Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ e-draft.am կայքում տեղադրվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է, ապա Հայաստանում հարկային պարտավորության մասով հարց չի առաջանալու։
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ մեր հարկային օրենսդրությունը մշակվել է «ներմուծողների հագով», երկրի տնտեսությունը կախվածության մեջ է դրվել ներմուծումներից. «Ժամանակն է փոխել այդ վեկտորի տրամաբանությունը, ինչի համար պետք են կարողություններ, քաղաքական կամք, փորձառություն և ազնվություն. ես այդ հատկանիշները չեմ տեսնում այսօր: Պետք են լուրջ քաղաքական փոփոխություններ: Այն ռեսուրսը, մանդատը, որ Փաշինյանը ստացավ և արդեն 6 տարի է՝ մսխում է կոսմետիկ փոփոխություններ իրականացնելով, իրական ռեֆորմներ անելու համար էր, իրական եկամուտները բացահայտելու և զարգացման քաղաքականություն վարելու, այդ թվում՝ հարկային լծակների ու գործիքակազմի միջոցով: Դա, ցավոք, չի արվում, ու հիմա տեսնում ենք հետևանքները»:
168.am-ի դիտարկմանը՝ թեև նշում եք, որ այդ ամենը չի արվում, բայց Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին գործադիրի կողմից Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականն ընդունելու ժամանակ նշել է հերթական ձեռքբերման՝ 8.7 տոկոս տնտեսական աճի ու 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտների մասին, և հարցին՝ այս աճերն ու եկամուտները Փաշինյանի կառավարության հետ ինչքանո՞վ են առնչվում, տնտեսագետն արձագանքեց. «Արտաքին գործոններ են: Ե՛վ տնտեսական աճը, և՛ պետական բյուջեի եկամուտների աճը գլխավորապես հիմնված է եղել վերարտահանումների վրա, ներքին ու արտաքին պարտքի ավելացման վրա:
Տնտեսական աճը, փաստորեն, ձեռք է բերվել, եթե կոպիտ ասենք, ապագա սերունդների հաշվին. եթե պարտքը կրկնապատկվել է Ն. Փաշինյանի օրոք, ուրեմն վաղը-մյուս օրը 7 կաշի դուրս կգա մեր սերունդներից: Չի՛ կարելի ներկա թվերով, աչք փակելով ռեալ արտաքին գործոնների վրա, նման ռիփորթներ անել»:
Ըստ նրա՝ այս հայտարարությունները գուցե տպավորություն գործեն միամիտ քաղաքացիների վրա, բայց՝ ո՛չ մասնագետների:
«Մեր աճի գործոնները հիմնված են պարտքի ավելացման վրա, և այդ պարտքը գին ունի. մենք տեսնում ենք մեր սահմանների շագրենի կաշվի նման կրճատումը, Արցախի կորուստը: Աճը հիմնված է շինարարական փուչիկների վրա, իսկ այդ շինարարական փուչիկը փչել է կառավարությունը՝ իր եկամտային հարկի փոխհատուցման ծրագրով: Մյուս գործոնը խաղաբիզնեսն է և այն, որ հսկայական հոսքեր են եկել, ներկրումներ ու վերարտահանումներ են եղել:
Մասնագետի տեսանկյունից այդ թվերը մտահոգիչ են, որովհետև եթե վաղն այդ փուչիկները պայթեցին, ռուս-ուկրաինական պատերազմը դադարեց ու դրա հետևանքով դադարեցին ներհոսքն ու վերարտահանումները, իսկ պարտատերերը պահանջեցին ավելի մեծ ծավալներով գումարներ, մենք կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը: