Հայ-ադրբեջանական խնդիրը Ռուսաստանի համար կդարձնեն 2-րդ թեժ կետ՝ 2-րդ Ուկրաինա. Հերմինե Մխիթարյան

Փետրվարի 28-29-ին Բեռլինում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցություններից ուղիղ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնաց Հայաստանի իշխանությանը՝ պնդելով. «Հայաստանը մի ճանապարհ ունի, այն է՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները և հրաժարվել տարածքային նկրտումներից»։

Հիշեցնենք, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել փետրվարի 17-ին՝ Մյունխենում՝ Նիկոլ Փաշինյան-Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց-Իլհամ Ալիև եռակողմ, ապա՝ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումներից հետո։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 8-ամսյա դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կայանալիք հանդիպման և հնարավոր արդյունքների մասին, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մյունխենյան հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի։ Ըստ նրա՝ ստացվում է՝ Մյունեխենում խոսում են կառուցողական բանակցությունների մասին, իսկ Փաշինյանը հայտարարում է, թե պատերազմ է սպասվում. սա նշանակում է, որ առկա է կուլիսային գործընթաց, որը պատերազմը ոչ թե հեռացնում է, այլ ընդհակառակը՝ մոտեցնում է։

«Հետևապես, բովանդակային առումով Միրզոյան-Բայրամով հանդիպումից պետք չէ ունենալ որևէ ակնկալիք, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէ որևէ թղթի ստորագրման։ Իրենք բանակցում են՝ առաջ բերելով այնպիսի նախապայմաններ և պահանջներ, որոնք ևս ցույց են տալիս՝ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու պահն իրենք նպատակ ունեն հետաձգելու և ժամանակ ձգելու»,- ասաց Մխիթարյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությունն արևմտյան հարթակով ակտիվացված պայմանավորվածություն է, ուստի Արևմուտքն իր դեմքը փրկելու և իր նպատակին հասնելու խնդիր ունի։

Կարդացեք նաև

«Նպատակն է՝ տարածաշրջանի ռուսական ռազմաբազայի հեռացումը, ինչից հետո պետք է ստեղծել Հարավային Կովկասում այնպիսի լարվածության օջախ, որը Ռուսաստանից հավելյալ ջանքեր և ռեսուրսներ կխլի»,- ասաց Հերմինե Մխիթարյանը՝ առաջարկելով Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնարավոր այցի մասին լուրը ևս դիտարկել այդ համատեքստում։

«Զելենսկու այցը կլինի հերթական անգամ Ռուսաստանի հետ խնդրի ստեղծում, որպեսզի ցույց տան, որ հայ-ադրբեջանական խնդիրը Ռուսաստանի համար կդարձնեն 2-րդ թեժ կետ՝ 2-րդ Ուկրաինա»,- ասաց Մխիթարյանը՝ շեշտելով, որ մի կողմից՝ Արևմուտքն է՛լ ավելի արագ քայլերով է պահանջում իր նպատակների իրագործումը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության ղեկավարի համար մանևրի դաշտը գնալով նեղանում է, քանի որ եկել է տված խոստումներն իրագործելու ժամանակը։

Ըստ Հ. Մխիթարյանի՝ Փաշինյանն այդ խոստումները կատարելու դիմաց ստանալու է անձնական անվտանգության երաշխիքներ և իրագործելու հետևյալ սցենարը։

«Երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և սկսվեն ռազմական լայնածավալ գործողություններ, Հայաստանի իշխանությունը պատերազմը կօգտագործի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու համար»,- ասաց փորձագետը՝ հիշեցնելով, որ փաշինյանական իշխանությունը նման գործելաոճի փորձ արդեն ունի, ինչը դրսևորվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պատերազմի 3-րդ օրը թշնամին հարվածեց Հայաստանի սուվերեն տարածքին, բայց Հայաստանի իշխանությունը չդիմեց հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով օգնություն ստանալու համար, փոխարենը՝ հայտարարեց, թե Ռուսաստանը վատ դաշնակից է։

«Այս իշխանւթյան համար պատերազմը կամ ռազմական գործողությունները կարող են օգտագործվել իրենց տրված խոստումներն իրագործելու համար։ Խոստումների կատարումը կլինի ոչ թե թղթով, այլ պատերազմով՝տարածքները կհանձնվեն, և իրենք ցույց կտան, որ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չի աշխատում, ինչն իրենց հիմք կտա շրջվելու արևմտյան անհայտ ակնկալիքների դաշտ։ Սա պետության տեսակետից աբսուրդ է, բայց մենք ունենք Ուկրաինայի օրինակը»,- եզրափակեց Հերմինե Մխիթարյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս