«Չեմ հավատում, որ Արմինեն չկա. երազումս ամեն անգամ ասում է՝ «ողջ եմ, ինձ Աղդամ են տարել, աղոթեք, փնտրեք ինձ». 72-ամյա Ժասմին Մարտիրոսյանը սպասում է դստերը
2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Ասկերանի շրջանի բենզալցակայանում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, մինչև այժմ կան նաև անհետ կորածներ։ Ադրբեջանի ցեղասպանության վտանգից փրկվելու ակնկալիքով արցախահայերը գնացել էին բենզալցակայանի մոտ, որպեսզի բենզին վերցնեն և դուրս գան Արցախից։
Այդ օրը, հազարավոր մարդկանց նման, 49-ամյա Արմինե Պապիկյանը նույնպես տնից դուրս էր եկել, որպեսզի գնա բենզին բերի՝ ընտանիքին Արցախից դուրս բերելու համար։ Երբ ընտանիքի անդամները տեսել են, որ Արմինեն ուշանում է, գնացել են նրա հետևից, հետո արդեն պարզել են, որ պայթյուն է եղել բենզալցակայանում։ Մի քանի օր սպասել են, սակայն Արմինեից որևէ տեղեկություն չեն ստացել, ստիպված մյուս արցախցիների նման դուրս են եկել Արցախից։ Միայն նոյեմբերի կեսերին ընտանիքի անդամներին հանձնել են Արմինեի մասունքները։ Մասունքները հուղարկավորել են Արտաշատում։
Արմինե Մարտիրոսյանի ամուսինը վաղուց է մահացել, երեխաները՝ տղան և աղջիկը, իրենց տատիկի (Արմինեի մայրիկի)՝ 72-ամյա Ժասմին Մարտիրոսյանի հետ բռնի տեղահանվել են ու եկել Հայաստան։
Արմինեի աղջիկն ամուսնացել ու տեղափոխվել է ՌԴ, տիկին Ժասմինը հիմա վարձով ապրում է Արմինեի 27-ամյա որդու հետ։
«Մի տղաս զոհվել է 1993 թվականին՝ Արցախի պատերազմում, Արմինես էլ այս մի պատերազմում այսպես եղավ։ Սեպտեմբերի 25-ին տեսնում էինք, որ բենզին են տալիս, որպեսզի դուրս գանք Արցախից, Արմինեն ասեց՝ գնամ, ես էլ բերեմ, դուրս գանք, թե չէ բոլորս կոտորվելու էինք ադրբեջանցիների ձեռքով։ Գնաց ու չվերադարձավ, չգիտեմ` ինչ է եղել, որովհետև երազիս միշտ գալիս ու ասում է, որ ողջ է։ Անալիզներով համընկել է, որ մասունքներն Արմինեինն են, բայց մեկ է՝ չեմ հավատում։
Երբ Արմինեն ուշացավ, աղջիկը՝ Լաուրան, դուրս եկավ, որ հասկանա՝ ինչո՞ւ է մայրն ուշանում։ Դուրս է եկել, փողոցում դիմացից երկու հոգի լացելով եկել են ու ասել, որ պայթյուն է եղել։ Լաուրան բոլոր հիվանդանոցներում սկսեց փնտրել Արմինեին, չգտանք, հետո ստիպված էինք այդպես առանց Արմինե դուրս գալ Արցախից…
Լաուրան կարծեք թե զգում էր, տանից դուրս գալուց ասաց՝ սիրտս ցավում է…»,- 168.am–ին պատմում է Ժասմին Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ին արցախահայությունն իր աչքով տեսել է դժոխքը, ամենուր՝ լաց ու կոծ, վառված մարդիկ, սարսափելի տեսարանները մինչև օրս բոլորի աչքի առաջ են։
«Հնարավոր բոլոր տեղերում փնտրել ենք Արմինեիս, հասել ենք մինչև դիահերձարան։ Գնացել են նաև Իվանյան, ասել են՝ այնտեղ առաջինը հասել է թուրքական շտապօգնությունը։ Չեմ հավատում, որ Արմինեն չկա, չեմ հավատում, գուցե ադրբեջանցիներն են տարել։ Երազումս ամեն անգամ տեսնում եմ Արմինեին, ասում է՝ «ողջ եմ, չեմ կարող գալ ձեզ մոտ»։ Սեպտեմբերի 25-ի գիշերը երազ տեսա, Արմինեն ասաց՝ «մամ, մի վախեցեք, ինձ Աղդամ են տարել, ասեցին՝ տանում ենք Երևան, բայց բերեցին Աղդամ։ Աղոթեք, փնտրեք ինձ»։ Չգիտեմ՝ ինչ է եղել իմ աղջկա հետ, ոչինչ չգիտեմ»,- ասում է 72-ամյա կինը։
Ժասմին Մարտիրոսյանն առողջական խնդիրներ ունի, ասում է՝ դեղերը չեն օգնում, տուն ու տեղ չունի, ինչ ուներ՝ թողեց Արցախում, որդուն, դստերը, ամբողջ կյանքն ու երազանքները, հիմա միայն ֆիզիկապես է Հայաստանում ու չգիտի՝ որքան կապրի առանց հոգու։
«Ես այսօր ամեն ինչի կարիք և՛ ունեմ, և՛ չունեմ, ոչինչ չենք վերցրել մեզ հետ, վարձով ենք ապրում, չենք հասցնում վարձը տալ, թոռս նոր-նոր աշխատանք է գտել, գնում է պրակտիկայի, չգիտենք՝ վերջում կընդունե՞ն, թե՞ ոչ։ Բայց հիմա ես ավելի շատ իմ երեխաների ու Արցախի կարիքն ունեմ, ուզում եմ Արցախս ու աղջկաս ինձ տան։ Մենք այդքան զոհ ունեցանք, որևէ մեկը մի օր սգո օր չհայտարարեց, կամ չեկան ցավակցելու, ստացվում է, որ մենք որբ ենք, ինչ ունեինք-չունեինք՝ մի օրում մեզանից խլեցին»,- եզրափակեց Ժասմին Մարտիրոսյանը։