Բաժիններ՝

Հղիություն և կրծքով կերակրում

Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է:

Այդ պատճառով էլ հղի կինը պետք է Հիսուսի աղոթքը և Ավետարան կարդա, եկեղեցական շարականներ երգի, հոգեպես չանհանգստանա: Բայց և նրա հարազատներն էլ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվշտացնեն նրան: Այդ դեպքում, ծնված երեխան օրհնված կլինի և ծնողները նրա հետ կապված դժվարություններ չեն ունենա՝ ո՛չ նրա մանկական հասակում և ո՛չ էլ՝ երբ մեծանա:

Այնուհետև, երբ երեխան ծնվի, մայրը նրան պետք է կրծքով կերակրի և որքան երկար՝ այնքան լավ: Մայրական կաթը երեխաներին առողջություն է պարգևում: Կրծքով կերակրվելով՝ նորածինները ոչ միայն կաթով են սնվում, այլև՝ սիրով, քնքշությամբ, սփոփանքով, անվտանգությամբ և այդպիսով՝ ուժեղ բնավորությամբ մարդիկ են դառնում: Այս ամենից զատ, կրծքով կերակրելը նաև մորն է օգնում: Եթե մայրերն իրենց երեխաներին կրծքով չեն կերակրում, ապա կանացի օրգանիզմում անոմալիաներ են առաջանում, դրանք կարող են քաղցկեղի հանգեցնել և կրծքի հեռացման պատճառ դառնալ:

Հին ժամանակներում, եթե մայրը կաթ ուներ, ապա կարող էր կրծքով կերակրել թե՛ իր և թե՛ հարևանի փոքրիկին: Իսկ հիմա շատ մայրեր դժվարանում են նույնիսկ սեփական երեխաներին կրծքով կերակրել: Մայրը, որ ծուլանում է և երեխային կրծքով չի կերակրում, ծուլության և պարապության «մանրէները» փոխանցում է նրան: Առաջներում, խտացրած կաթի տուփերի վրա մայր էր պատկերված՝ երեխան գրկին, իսկ հիմա այդ տուփերի վրա «մայր» են նկարում՝ ձեռքին ծաղիկներ: Մայրերը երեխաներին կրծքով չեն կերակրում, այդ պատճառով էլ երեխաները մեծանում են առանց սփոփանքի:

Կարդացեք նաև

Ո՞վ նրանց սեր և քնքշանք կտա: Կովի կաթով շի՞շը: Մանկիկները, «սառցե», ապակե շշի վրա հագցված ռետինե ծծակ են ուտում և նրանց սիրտը նույնպես սառցակալում է: Այնուհետև, մեծանալով, նրանք նորից սփոփանք են փնտրում շշի մեջ՝ գինետներում:

Իրենց հոգեկան տագնապը մոռանալու համար՝ նրանք սկսում են խմել և հարբեցող են դառնում: Եթե երեխաներն իրենք քնքշանք չստանան, ապա չեն էլ ունենա, որպեսզի հետագայում իրենց երեխաներին փոխանցեն: Այդպես մեկը մյուսի հետևանքն է դառնում: Իսկ հետո գալիս են մայրերն ու սկսում խնդրել. «Հա՛յր, աղոթիր: Ես կորցնում եմ իմ զավակին»:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս