ԵԽ պատգամավորը Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող մեխանիզմ է համարում ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը։

– Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

– Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

– Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա (Նախիջևանի հետ – խմբ.), ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։ Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

– Համաժողովի ընթացքում ձեր երկրի՝ Գերմանիայի նախաձեռնությամբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Ո՞րն էր այս հանդիպման հիմնական քննարկումն ու արդյունքը, և ինչո՞ւ էր կանցլերի համար կարևոր նման նախաձեռնություն ցուցաբերելը:

– Ես չեմ խոսել կանցլերի կամ նրա կողքին գտնվող որևէ մեկի հետ։ Բայց կարող եմ ենթադրել, որ նրանք կցանկանային խուսափել, որ ԵՄ-ն դիտվի որպես միայն Հայաստանի գործընկեր, ընկալվի, որ ԵՄ-ն ամբողջությամբ Հայաստանի կողքին է և միայն Հայաստանին է աջակցում։ Գաղափարը դեռևս պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության, խաղաղության համաձայնագրին օժանդակող գաղափար. մեզ ձեռնտու է նաև համագործակցել Ալիևի հետ, որպեսզի համոզվենք, որ նա մեջքով չի շրջվի մեզ: Դեռ հույս ենք դնում այս շատ կառուցողական մոտեցման վրա: Առանց բարձր անվտանգության և առանց համոզվելու, որ կարմիր գիծ է լինելու, պատժամիջոցներ են լինելու, ես չեմ կարծում, որ Ալիևը կփոխի իր ուղղությունը։

Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները շատ խիստ էին: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն կարմիր գծեր ունի և դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքն են և նրա սահմանները, եթե Ադրբեջանը չհարգի, դա կբերի ծանր հետևանքների։ Սակայն, մինչ բոլորն անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Ադրբեջանը շարունակում է զինվել, շարունակում է սպանել հայ զինվորներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված լինելով։ Արևմուտքը տեսնո՞ւմ է այս ամենը։ Ի՞նչ բացատրություն ունեք։

– Դե, ճիշտն ասած, բացատրություն չկա: Նաև իմ ամենամեծ մտահոգությունն է այն, որ մինչև այժմ 2020-ին, նաև՝ 2023-ին որևէ հետևանք չի եղել: ինչպես ասացիք, անցյալ շաբաթ զինվորների սպանությունը նույնպես որևէ հետևանք չի ունեցել: Բորելի խոսքերը շատ մակերեսային են, չեմ կարծում, որ դրան կհետևեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացում կլինի, կդադարեցնենք Ադրբեջանի գազը գնել կամ այդ ուղղությամբ պատժամիջոցներ կիրառել: Մինչև այժմ որևէ մեկի կողմից նման բան չի արվել, միգուցե փոխե՞ն ուղին, չգիտեմ…

Հայաստանը, թեև չի հրաժարվում երկկողմ բանակցություններից, բայց գերադասում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններն ընթանան և խաղաղության պայմանագիրը ստորագրվի ինչ-որ միջազգային հովանու ներքո, որպեսզի դրանք ավելի մեծ կշիռ ունենան։ Արդյոք ԵՄ-ն և/կամ Գերմանիան պատրա՞ստ են ստանձնել նման պատասխանատվություն:

– Ես իսկապես կցանկանայի կարողանալ Ձեզ դրական պատասխան տալ, բայց իմ մտահոգությունն առայժմ կախված է… Կա մեծ քաղաքական կամք, և դուք տեսնում եք, որ մենք ուժեղացրել ենք քաղաքացիական առաքելությունը, որպեսզի իսկապես փորձենք բացել մեկ այլ մոնիտորինգ: Մենք օգնում ենք տնտեսության հարցում, ավելի շատ օգնում ենք փախստականներին, և դա հիանալի է։ Այնպես որ, ներգրավվածությունը շատ է, պետք չէ թերագնահատել և չնկատել, թե դա ինչ է նշանակում այս պահին երկրի կայունացման համար։ Հաջորդ շաբաթ նախատեսվող Եվրախորհրդարանի լիագումար նիստին առաջ ենք քաշելու բանաձև, ըստ որի մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը, վիզաների ազատականացման ծրագիրը: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով:

Հարցական է մնում միայն այն, թե Ալիևի հնարավոր հերթական հարձակման դեպքում իրական պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե ոչ: Այդ հարցում ես դեռ կասկածներն ունեմ։

Դուք խոսեցիք Եվրախորհրդարանի բանաձևի և վիզաների ազատականացման գործընթացի մասին, ինչին սպասում է հայ հասարակությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ հայկական կողմն արել է ամեն ինչ՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները սկսելու համար։ Արդյոք խոչընդոտներ կան այս բանակցությունները սկսելու համար, և առաջիկայում ինչ-որ զարգացումներ կլինե՞ն։

– Ես կասեի, որ Եվրախորհրդարանը չէ, որ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացն արգելափակելու է, կամ՝արգելափակել է մինչ այժմ։ Բայց, ցավոք, խնդիրը Եվրոպական խորհրդում է։ Իհարկե, ձեր երկրի դեսպանները, ձեր դիվանագետները պետք է աշխատեն որոշ անդամ պետությունների ուղղությամբ: Չեմ ուզում այդ երկրների անունները տալ այստեղ, բայց այդ արգելափակումը հաստատ չի լինի խորհրդարանում եվրոպացի քաղաքական գործիչների բարի կամքի բացակայությունը։

Լիլիթ Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս