«Չենք ուզում, որ նրանք մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն, թող գնան իրենց համար առանձին ճանապարհ կառուցեն ու երթևեկեն, որ մերը չմաշվի». Փաշինյանը՝ մարտունեցիներին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինանը հայտարարեց, որ արդեն 21 հազար քաղաքացի է դիմում ներկայացրել՝ վարձով բնակարաններ տալու վերաբերյալ։ Այնուհետև դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հարցրեց, թե արդյո՞ք այդ թիվը ճիշտ է հիշում։

ՊԵԿ նախագահը մանրամասնեց, որ դիմել է 15.392 քաղաքացի և ներկայացրել վարձով բնակարան տալու շուրջ 21 հազար հայտ, այսինքն՝ մի քաղաքացին կարող է մի քանի բնակարան վարձով տալ։

«Մենք հիմա հաշվարկ ենք անում, թե նախորդ տարվա համեմատ, այս տարի որքան կկազմեն մեր եկամուտները, եթե գործընթացն ամբողջովին ավարտվի»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանը դիմելով ՊԵԿ նախագահին՝ նաև ասաց, որ վերջին շրջանում բողոքներ կային արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում։

Կարդացեք նաև

«Որքանով հասկանում եմ, մեր օրենսդրությամբ էլ նույն վիճակն է, երբ մեր օրենսդրությունը վաղուց նախատեսում է, որ արտագնա աշխատողները ևս պետք է հարկ վճարեն, բայց դա ևս չի իրականացվել։ Հիմա ինչի՞ն են վերաբերում բողոքները»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ նախորդ տարվանից սկսել են քաղաքացիներին ծանուցել պարտավորությունների մասին։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ օրինակ, եթե մարդը գնացել ու որևէ երկրում աշխատել է, օրինակ՝ ՌԴ-ում, այնտեղ կա՛մ վճարել է հարկ, կա՛մ չի վճարել, երկու դեպքերում էլ ի՞նչ է տեղի ունենում։

Պատասխանելով՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ երկու դեպքում էլ ենթակա է վճարման, մեկ դեպքում՝ եկամտահարկի տարբերությունը, ՌԴ-ում գործում է  եկամտահարկի 13 տոկոս դրույքաչափ, իսկ Հայաստանում՝ 20 տոկոս։

«Օբյեկտիվ դժգոհություններից մեկն այն է, որ եթե այնտեղ չգրանցված աշխատանք է տեղի ունեցել, ապա դրա մասին մենք չէինք իմանա ու հետևաբար՝ լրացուցիչ պարտավորություններ չէինք առաջադրելու։ Մենք հայտարարագրման համակարգով, որը փուլային է ներդրվելու և ամբողջական ներդրվելու է 2026 թվականին, թիրախավորում ենք տարբեր հարաբերություններ։ Մենք փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը։ Երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, նաև այս անգամ առաջին անգամ ստանալով՝ տույժեր են որոշակի հաշվարկվել։ Կարծում եմ՝ մենք կարող ենք օրենսդրական որոշակի փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները, գնալ փուլային տարբերակով սահուն ներդրման տարբերակով»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանի պարզաբանումները լսելուց հետո ասաց, որ չեն կարող արձագանքել դժգոհությունների այն հատվածին, թե՝ ինչո՞ւ մենք պետք է հարկ վճարենք։

«Հիմա Գեղարքունիքի մարզի օրինակով կխոսեմ, բայց այս նույն արձագանքը կարող է լինել բոլոր մարզերի բոլոր հայրենակիցներին։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մենք մեր վերաբերմունքը պետք է փոխանցենք հարկ վճարելու նկատմամբ։ Նույն Գեղարքունիքի մարզի մեր բնակիչները, որոնք գնացել ու վերադարձել են արտագնա աշխատանքից, պիտի նկատած լինեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ից արտագնա աշխատանքից մեկնողները երբ վերադառնում են ՀՀ, պիտի նկատեն, որ իրենց մարզի ավտոմոբիլային ճանապարհները նույն վիճակում չեն, ինչպես կային առաջ։ Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էդ ճանապարհների կառուցման արդյունքում իրենք, օրինակ, ինչքան գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար։ Որպեսզի ճանապարհը կառուցվի այն մարդկանց համար, ովքեր գնում հասնում են օդանավակայան ու այնտեղից մեկնում արտագնա աշխատանքի, ինչո՞ւ պիտի մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Մենք չենք ուզում, որ նրանք մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Թող գնան իրենց համար առանձին ճանապարհ կառուցեն ու երթևեկեն, որ մերը չմաշվի»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են այդ ամենից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս