Ինչո՞ւ է կառավարությունը «գաղտնի պահում» Փաշինյան-Միշել հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը Մյունխեն և Փարիզ կատարած աշխատանքային այցերի միջև հասցրել է նաև հեռախոսազրույցներ ունենալ։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառումից տեղեկացանք, որ Փաշինյան-Միշել հեռախոսազրույց է կայացել։

«Լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան կարգավորման շուրջ»,- նախօրեին իր X-ի էջում գրել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը բարձր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում»,- ընդգծել էր Միշելը՝ առանց այլ մանրամասների:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այս հեռախոսազրույցի մասին որևէ տեղեկություն և պաշտոնական հաղորդագրություն չի տրամադրում հայկական կողմը։

Արդեն երկրորդ օրն է անցնում, սակայն ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը չի տարածել որևէ հաղորդագրություն այս «լավ քննարկման» վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի X-ի էջը ևս «լռում է»։

Չնայած այն հանգամանքին, որ այս օրերին Փաշինյանը լուսանկարներ ու գրություններ էր տեղադրում այս ցանցում իր մյունխենյան և փարիզյան հանդիպումների վերաբերյալ, Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի մանրամասները ՀՀ կառավարությունը չի ներկայացնում։

Սա, թերևս, անհանգստացնող հանգամանք է, քանի որ երկրի ղեկավարի բոլոր պաշտոնական հանդիպումների, այցերի, հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ պետք է տեղադրվեն, և հանրությունը պետք է իրազեկված լինի, թե ինչով է զբաղված երկրի ղեկավարը և ինչ հարցեր է քննարկում։ Սա առավել կարևոր է, երբ զրուցակիցը հեռախոսազրույցը որակում է «լավ», ինչը թույլ է տալիս ենթադրել ինչ-որ դրական մթնոլորտի, գուցե պայմանավորվածությունների և այլնի մասին, որից հայկական հանրույթն անտեղյակ է։

Այս զրույցն է՛լ ավելի ուշագրավ է, քանի որ կայացել է Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս