Ում շահերից էր բխում Նավալնու մահը, ով` ինչ խնդիր է լուծում. Կրեմլյան աշտարակներից մինչև գեոպոլիտիկ հաշվեհարդար, հեղաշրջում
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրը դարձել է միջազագային լրատվամիջոցների և աշխարհաքաղաքական կենտրոնների գլխավոր թեման: Այն առիթ է դարձել, որպեսզի քարոզչական դաշտում պատերազմեն գերտերությունների, ուժային կենտրոնների առաջին դեմքերը: Ըստ որոշ դիտարկումների`տեղի ունեցածի արդյունքում կարող է սրվել իրավիճակը նաև Ռուսաստանում `Կրեմլի աշտարակների միջև պայքարը կարող է նոր սուր դրսևորումներ ստանալ:
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը, անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, դրական արդունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- հաղորդագրություն էր տարածել ՌԴ քրեակատարողական ծառայությունը։
Վերլուծաբանների մի մասը քննարկում է` արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահականը նտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ պետք էր Ալեքսեյ Նավալնու մահը, հատկապես, երբ Նավալնին ամբողջությամբ չեզոքացված էր և առհասարակ որևէ վտանգ չէր ներկայացնում Պուտինի համար։ Որքանո՞վ է դա տրամաբանական:
Որոշ կարծիքների համաձայն` Արևմուտքը Նավալնու մահը փորձելու է օգտագործել Ռուսաստանի ներսում Պուտինի ընտրություններից առաջ որոշակի խնդիրներ ստեղծելու նպատակով` բողոքի զանգվածային ակցիաներ, հակառուսականության քարոզչություն, հեղաշրջում և այլն:
Այսօր արդեն Նավալնու աջակիցները հայտարարել էին զանգվածային ցույցեր, ակցիաներ անցկացնելու մասին:
Ռուսաստանի դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Ալեքսեյ Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:
«Զգուշացնում ենք, որ զանգվածային միջոցառումը չի արտոնվել և դրան արձագանք կտրվի օրենքի սահմաններում», – հայտարարել է ՌԴ դատախազությունը:
Աշխարհի տարբեր երկների առաջնորդներն արձագանքում են Նավալնու մահվանը` հայտարարություններով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ռուս ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածը քննարկել դաշնակից երկրների հետ` հավելելով` Նավալնիի մահը խոսում է Պուտինի համակարգի «թուլության ու նեխածության» մասին:
«ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին»,- X-ում գրել է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է՝ ցնցված է ռուս քաղաքական գործչի հետ տեղի ունեցածից. «Սա վկայում է այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։
Ցավոք սրտի, այս գործընթացը վաղուց է սկսվել, այն վաղուց է հեռացել ժողովրդավարությունից», – նշել է նա։
«Լինելով ռուսաստանյան ժողովրդավարության ամենավառ պաշտպանը՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է պատասխանի լրջագույն հարցերի, պահանջել է պարզել մահվան բոլոր հանգամանքները։
«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։
Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմտյան առաջնորդների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների արձագանքը Նավալնիի մահվանը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց կեղծավորությունը, ցինիզմն ու անսկզբունքայնությունը»։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է նաև, որ «Ցանկացած իրավիճակում մեղադրեք Ռուսաստանին» սխեման գործում է։
«Նավալնին վերադարձավ Ռուսաստան՝ իմանալով, որ իր աշխատանքը շարունակելու համար, ամենայն հավանականությամբ, նրան կսպառնա ազատազրկում կամ սպանություն»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Ամեն դեպքում նա դա արեց, որովհետև խորապես հավատում էր իր երկրին: Սրան չհավատալու պատճառ չունեմ։ Պուտինն է պատասխանատվություն կրում Նավալնիի մահվան համար. Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության ևս մեկ հաստատում է»,- ասել է Բայդենը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Նավալնիի մահվան կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրանք նշել են, որ Նավալնին խիզախորեն վերադարձել էր Ռուսաստան «սարսափելի մահափորձից հետո և հույս տվել Ռուսաստանի դեմոկրատներին և քաղաքացիական հասարակությանը, այդ իսկ պատճառով ռուսական իշխանությունները նրան ուղարկել են գաղութ և հետապնդել փաստաբաններին»։
«Մենք բազմիցս կոչ ենք արել Ռուսաստանին ապահովել նրա անվտանգությունն ու առողջությունը, ինչպես նաև մտահոգություն ենք հայտնել նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի կրկնվող դեպքերի, անհիմն և անօրինական կարգապահական միջոցների և բանտի ղեկավարների կողմից բռնությունների առնչությամբ, որոնք հավասարազոր են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Նրան կամաց-կամաց սպանեցին նախագահ Պուտինն ու նրա ռեժիմը, որոնք ոչնչից չեն վախենում, բացի սեփական ժողովրդի այլակարծությունից: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք բացահայտել Նավալնիի մահվան հետ կապված բոլոր փաստերը։ Ռուսաստանը պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր քաղբանտարկյալներին»,- ասված է հայտարարության մեջ:
Արևմուտքի արձագանքներին և նրանց կողմից հրահրվող ակցիաներին անդրադարձել է նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Նավալնիի մահվան մեջ մեղավոր են Վաշինգտոնը և Բրյուսելը»,-այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Վոլոդինը։
«Պատճառը կպարզեն դատաբժիշկները և քննությունը, բայց երբ առանց արդյունքներին սպասելու քաղաքական գործիչներն ու բարեկամ պետությունների ղեկավարները նույն մեղադրանքներն ու հայտարարություններն եմ մեկը մյուսի հետևից կրկնում, ապա նախ պետք է պատասխանել մի հարցի՝ ո՞ւմ էր հիմա ձեռնտու Նավալնիի մահը։Միանգամայն ակնհայտ է՝
Նրանց, ովքեր ավելի քան 19 հազար պատժամիջոց են կիրառել Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով մասնատել մեր տնտեսությունը։
Նրանց, ովքեր տանուլ են տալիս պատերազմն Ուկրաինայում։
Նրանց, ովքեր չեն աջակցում սեփական բնակչությանը և չունեն ընտրություններում հաղթելու հնարավորություն, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ամեն կերպ պահպանել իշխանությունը։
Նրանց, ովքեր ցանկանում են տիրանալ մեր երկրի ոսկեարժութային ռեսուրսներին։
Նրանց, ովքեր ցանկանում են կործանել Ռուսաստանը, ամեն ինչ անում են նրա զարգացումը կասեցնելու համար։
Նրանց անունները հայտնի են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից և ԱՄՆ ղեկավարությունից մինչև Շոլց, Սունակ և Զելենսկի։ Նրանք բոլորը մեղավոր են Նավալնիի մահվան մեջ։
Հե՛նց նրանց, ովքեր հսկայական թվով ձախողված որոշումներ են կայացրել և կառչել իրենց դիրքերից, ձեռնտու է նրա մահը»,- գրել է Վոլոդինը։