
Հերթական դրամաշնորհը՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ին. 20 միլիոն դրամով ՀԿ-ն կիրականացնի երեխաների խնամք

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն փետրվարի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է իր հերթական՝ այս տարում արդեն թվով 33-րդ դրամաշնորհը:
Ըստ armeps պետգնումների համակարգի՝ նախարարությունը ՀԿ-ին սկսել է միլիոնավոր դրամների ակտիվ դրամաշնորհներ տրամադրել 2022 թվականի հունվարից:
Վերջին դրամաշնորհի պայմանագրի գինը 20 միլիոն 240.656 դրամ է. դրամաշնորհով «Առաքելություն Հայաստանն» իրականացնելու է երեխաների խնամք, ցերեկային ծառայությունների տրամադրում:
Ավելի վաղ՝ հունվարի 25-ին կնքված մեկ այլ՝ 18 միլիոն 425.000 դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագրով էլ ընկերությունը ստանձնել էր Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները՝ համայնքահեն փոքր խմբային տներում:
Այս բարեգործական կազմակերպության հետ մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել հունվարի 22-ին, որոնցով «Առաքելություն Հայաստանը»-ը ստանձնել է Երևանում և մարզերում տարբեր խնամքի ծառայությունների իրականացումը:
2005 թվականից գրանցված այս ընկերության իրական շահառուն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, 2016 թվականից Երվանդ Մխիթարյանն է:\