Անշարժ գույքով զբաղվող բրոկերները քննություն կհանձնեն. առանց լիցենզիայի չեն կարողանա աշխատել․ «banali.am» անշարժ գույքի հարթակի տնօրեն

Անշարժ գույքի շուկայում գնային պիկեր այս փուլում չկան, որովհետև չկան դրան նպաստող գործոնները. ավելին՝ այդ շուկայում նկատելի է գնանկում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով անշարժ գույքի շուկայում նկատվող զարգացումներին, նման տեսակետ հայտնեց հայաստանյան ամենամեծ անշարժ գույքի հարթակներից մեկի՝ «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ (banali անշարժ գույքի հարթակ) տնօրեն Սիրարփի Գրիգորյանը։

«Բնականաբար, այս շուկան աշխուժացել էր՝ պայմանավորված ռուս ռելոկանտների հոսքով, ինչը հիմա չկա, ուստի շուկայում նկատելի է գնանկում։ Մյուս կողմից՝ այս ոլորտը զարգացել է նաև եկամտային հարկի վերադարձի օրենքի տված հնարավորություններով պայմանավորված, ուստի, եթե դադարում է նաև օրենքի կիրառությունը, անշարժ գույք գնելն արդեն ավելի թանկ կլինի։ Ի դեպ, 2023 թվականից արդեն իսկ նկատելի է բնակարանների վաճառքի տեմպերի նվազում, քանի որ օրենքը Երևանի որոշ գոտիներում ուղղակի դադարեցված է, իսկ ամբողջական դադարեցումից հետո այս ոլորտն այլևս հրապուրիչ չի լինի»,- ասաց Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եկամտահարկի չեղարկումից հետո անշարժ գույքի շուկայում չի լինի ոչ շատ մեծ առաջարկ, ոչ էլ շատ մեծ պահանջարկ, ինչի հետևանքով կառուցապատողներն ուղղակի կմաղվեն, և դաշտում կմնան միայն կառուցապատման ոլորտում պատմություն ունեցող կայացած ընկերությունները։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալող բրոկերներին, ապա, ըստ Գրիգորյանի, այստեղ ևս կլինեն որոշակի կարգավորումներ, ինչի արդյունքում կմաղվեն նաև բրոկերները։

«Սովորաբար, բրոկերներն ասոցացվում են խաբող, ճարպիկ մարդկանց հետ։ Անշարժ գույքի շուկայում այս հարցը մինչև հիմա կարգավորված չէ, ուստի Կադաստրի կոմիտեն մշակել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի այն բրոկերները, որոնք խաբում և «քցում» են մարդկանց, նույն սանդղակի վրա չկարողանան հայտնվել իրենց գործը բարեխղճորեն կատարողների հետ։ Որպեսզի բրոկերները չշորթեն քաղաքացներից, նրանք պետք է սերտիֆիկացվեն՝ հանձնելով քննություններ։ Կձևավորվի համապատասխան լիազոր մարմին, որին էլ քննություն կհանձնեն»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս