Մեղրիում փակվել է նաև արխիվը. հաջո՞րդն ինչն եք փակելու. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին
«Մեղրիում փակվում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։ Փակվել է նաև արխիվը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ պատգամավորի, օպտիմալացման անվան տակ նշյալ գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։
Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց իշխանություններին՝ հաջո՞րդն ինչն են փակելու՝ մանկապարտեզնե՞րը, դպրոցնե՞րը, և ո՞րն է այս ամենի իրական նպատակը։
«Բժշկական հաստատություն դիմելու դեպքում բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտավորապես 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։ Իսկ եթե արձանագրվում են մահվան դեպքեր, ապա մեղրեցին պիտի բռնի դեպի Կապան տանող ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղի դիահերձարանից։ Օրերս բարձրաձայնեցի, որ համայնքն ունի սպանդանոցի խնդիր, մեղրեցիները սպանդ իրականացնելու համար ստիպված են լինում մեկնել այլ քաղաքներ»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում