Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Մակունցը մսխում է բյուջեի փողերը

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում որպես Մշակույթի նախարար ձախողվելուց հետո  ԱԺ-ում իշխանական խմբակցության ղեկավար աշխատած Լիլիթ Մակունցը, որը 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից  առաջ լուրջ դեմքով վստահեցնում էր, թե Թուրքիան Արցախի դեմ պատերազմին չի  մասնակցի, մինչդեռ Թուրքիան լավ էլ մասնակցեց, պատգամավորի գործը ձախողելուց հետո մանդատին հրաժեշտ տվեց և կարգվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։

Փաշինյանն իր անգլերենի ուսուցչին ուղարկեց  հեռավոր ԱՄՆ՝ հավանաբար որպես  պատգամավոր զրոյական օգտակար գործողության գործակից ունեցած այս կնոջը հայ հանրության աչքից և քննադատությունից հեռու պահելու նպատակով։

Թե բացի անգլերենի իմացությունից, ուրիշ ինչ արժանիքի համար Մակունցը դարձավ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, գուցե հայտնի է միայն Փաշինյանին, իսկ թե արդարացվա՞ծ է արդյոք Մակունցի նշանակումն ու նրան վճարվող աշխատավարձը, գիտեն ԱՄՆ-ում Մակունցի գործունեությանը հետևող մեր հայրենակիցները։

168.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անբավարար գնահատեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աշխատանքը, իսկ նրան տրվող աշխատավարձը համարեց պարզապես բյուջեի մսխում։

Կարդացեք նաև

«Լիլիթ Մակունցը կապ չունի ամերիկահայ  համայնքի հետ։ Նա ոչ միայն այս համայնքով չի զբաղվում, այլ նաև չի զբաղվում իր բուն աշխատանքով, այն է՝ քաղաքական աշխատանք ԱՄՆ Կոնգրեսի հետ։ Կոնգրեսականները զարմացած են, ասում են՝ երբեք չենք տեսնում Հայաստանի դեսպանին, մինչդեռ Ադրբեջանի դեսպանն ամեն օր ԱՄՆ Կոնգրեսում է, թակում է դռներ, մասնակցում հանդիպումների, աշխատում է, անում է մի բան, որը որպես հաղթող կողմ՝ Ադրբեջանին գուցե պետք էլ չէր, նրանք այդ աշխատանքի կարիքը չունեն,  ստացվում է՝  Հայաստանը, որը դրա կարիքն ունի, ոչինչ չի անում»,- ասաց Սասունյանը։

Նրա դիտարկմամբ՝ Մակունցն ԱՄՆ է  ուղարկվել միայն մի պարզ նպատակով՝  վայելելու։

«Նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան երկիրը, որը դեսպան է ուղարկում ԱՄՆ, այդ պաշտոնի համար ուղարկում է իր ամենալավ կադրին, մեկին, որն ամենալավն է՝ իր գիտելիքներով և կապերով: Հայաստանն այս երկիր պետք է ուղարկեր իր ամենակարող և փորձառու դիվանագետին, որովհետև շատ կարևոր երկիր է. այստեղ գիշեր-ցերեկ աշխատող մեկն էր պետք, մինչդեռ այդպես չէ»,– ասաց Սասունյանը՝ հավելելով՝ Մակունցն այն աստիճան անբան է, որ որևէ ոլորտում նրա գործունեությունը տեսանելի չէ։

Թե  այդ անտեսանելի գործունեության դիմաց Լիլիթ Մակունցը որքան գումար է ստացել Հայաստանի պետական բյուջեից, փորձեցինք պարզել՝ մի քանի րոպե անցկացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, և ինչ՝ պարզվում է, որ Մակունցը, օրինակ, 2022 թվականին միայն 1 տարվա կտրվածքով հայտարարագրել է մոտ 23 միլիոն դրամից ավելի եկամուտ:

Թե ստացած եկամտի քանի տոկոսի չափով է արդյունավետ աշխատանք կատարել և դրանով  արդարացրել իր նշանակումը, տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում ապրող Հարութ Սասունյանն արդեն նկարագրեց։

Թերևս արժե հիշեցնել, որ մինչև 2018 թվականը Լիլիթ Մակունցը եղել է տարեկան՝ ընդամենը 1.5 միլիոն, իսկ ամսական՝ 125 հազար դրամ եկամուտ գեներացնող քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս