18.000 եվրո աշխատավարձ եք տալիս, որ ի՞նչ անեն՝ Արցախի և Ցեղասպանության հարցի լռության ֆոնին

Տասնամյակներ շարունակ Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում իրենց առաջնային օրակարգում են պահել Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Հայաստանի բյուջեից այդ դեսպաններին տրվել են աշխատավարձեր, որ նրանք ողջ աշխարհում դառնան հայկական շահի պաշտպանները։ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմքում դրված այս առանցքային հիմնասյուների պաշտպանության համար արդարացված էր ցանկացած հատուցում՝ տրված ՀՀ բյուջեից։

Հիմա արժանապատվությունից զրկված փաշինյանական Հայաստանում իրավիճակը լրիվ այլ է. այս երկրի դեսպաններն ամբողջ աշխարհում իրավունք չունեն խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, քանի որ հենց Փաշինյանը դարձավ առաջին հայը, որն Արցախը հանձնեց Ալիևին՝ ինքնակամ հրաժարվելով երեք տասնամյակ Արցախի անվտանգության երաշխավոր երկրի ղեկավարի իր պարտավորությունից։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին ՀՀ այս իշխանության պարագայում ավելորդ է խոսելն անգամ, որովհետև այս հարցում իշխանությունը ցուցաբերում է ստորաքարշ հպատակեցում՝ թուրքական իշխանություններին։

Կարդացեք նաև

Ասվածի ապացույցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը միտված այս իշխանությունների քայլերի բացակայությունն է՝ 2018 թվականից ի վեր։

Այս պայմաններում է, որ անհասկանալի է դառնում, թե Հայաստանի դեսպաններն աշխարհում հայկական շահն ինչպես պետք է ներկայացնեն ու պաշտպանեն, կամ այդ ո՞ր շահի լոբբինգով պետք է զբաղվեն անհրաժեշտության դեպքում, երբ ներկայացնում են մի երկիր, որն ինքնակամ հայտարարել է իր ազգային արժեքներից հրաժարվելու և դրանք թշնամուն հանձնելու մասին։

Նման պայմաններում է, որ հարց է առաջանում, իսկ ինչի՞ համար են բարձր աշխատավարձեր ստանում Հայաստանի դեսպաններն աշխարհի տարբեր երկրներում, մի բան, որն օրերս Կառավարության համաձայնությանն է ներկայացրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Կառավարության ընդունած չզեկուցող նախագծի՝ օրինակ՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանը կստանա 3914 դոլար աշխատավարձ, Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանորդի աշխատավարձը կլինի 3570 եվրո, Սերբիայում աշխատող դեսպանորդինը՝ 2645 եվրո, Կիպրոսում աշխատողինը՝ 2811։

Հետևապես, եթե հաշվում ենք, որ դեսպանորդներն ունեն նաև իրենց առաջին և երկրորդ քարտուղարները, խորհրդականները, կցորդները, ապա ստացվում է, որ, օրինակ, միայն Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ ունենալու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվում է միայն աշխատավարձ՝ 18 հազար եվրոյից ավելի գումար։

Տեսանյութեր

Լրահոս