Մենք չենք կարող ոչ Արևմուտքին, ոչ Արևելքին մեղադրել, երբ մեր մեջ է տրոյական ձին. Մհեր Գարագաշյան
«Նիկոլ Փաշինյանն իր ողջ վարչապետության շրջանում մի մանիպուլյացիայից մյուսին է գնացել, և այս անգամ՝ ևս,- սփյուռքահայ հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը 168.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին հայտարարությանը, ապա վստահեցրեց,- Ընդհանրապես, ինքը շարժվում է պատվերներով, և դրանք կարող են լինել Արևմուտքից, Արևելքից կամ ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից»:
Սփյուռքահայ գործիչը նաև հավելեց, որ տարբեր շրջանակներ, այդ թվում՝ Սփյուռքում, գիտեն՝ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը պարբերաբար անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցին, հետևաբար, ըստ նրա՝ այդ հնարավոր փոփոխությունն այլ բան չի ենթադրում, քան փաշինյանական վարչախմբի կապիտուլյացիոն գործարքների ինչ-որ օղակ:
«Սահմանադրությունը փոփոխության ենթարկել թուրք-ազերիական պատվերով՝ նշանակում է Սահմանադրությունից հեռացնել Անկախության Հռչակագրի՝ մասնավորապես Ցեղասպանությանն առնչվող պահանջատիրական դրույթները ու Արցախի մասին հիշատակումը»,- նշեց Մհեր Գարագաշյանը՝ նկատելով, որ Փաշինյանն այս ամենն անում է զիջողական այն գործընթացի համար, որին «խաղաղություն» անունն է տվել:
«Ալիևյան խոսույթը հստակ է՝ նրանք Հայաստանը շարունակելու են կոչել Արևմտյան Ադրբեջան, և եթե դրա դիմաց մենք Նիկոլի կզած, գլխահակ, խաղաղության գործընթացի հետևից վազենք, ինքը այս հարցերը կհասցնի այն կետին, որտեղ այլևս Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենա»,- շեշտեց նա:
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե օբյեկտիվ չէ՞ արդյոք զիջողական քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն, որ հայկական կողմը չունի հաղթաթղթեր, և, որ Ադրբեջանն անգամ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է դարձրել սակարկության առարկա՝ Մհեր Գարագաշյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի ուներ ստեղծելու այնպիսի կացություն, որ ինքը ևս ունենար հաղթաթղթեր, մինչդեռ Փաշինյանի համար այդ հաղթաթղթերը միայն զիջումներն են: ՀՅԴ գործիչը համոզված է՝ երեք տարում հնարավոր էր գոնե այնպես դիրքավորվել, որ տանուլ չտրվեին եղած հաղթաթղթերը:
«Ամբողջ Սփյուռքի գիտակից մասը մտահոգ է մեր գերիների համար. մեր սիրտը մեր գերիների հետ է, նրանց ընտանիքիների հետ է: Ցավոք, որևէ մայրաքաղաքում «սակարկության սեղանի վրա» մեր ռազմագերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարության հարցը ցուցակի վերջին տեղում են:
Մենք չենք կարող ոչ Արևմուտքին, ոչ Արևելքին մեղադրել, երբ մեր մեջ է տրոյական ձին, մեր մեջ է զիջողական, անհասկանալի, անընդունելի այն իրավիճակը, որ ստեղծել է Փաշինյանն ու իր դրածոների հավաքածուն»,- մանրամասնեց նա:
Մհեր Գարագաշյանից հետաքրքրվեցինք նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցի շուրջ Արևմուտքի լռության պատճառների մասին:
«Եթե Արևմուտքը ցանկանա Փաշինյանին ինչ-որ բան պարտադրել, շատ հստակ կկարողանա, բայց իրենք մինչ այս պահը կատարվողը դիտելու փոխարեն՝ ուրիշ կողմ պետք է նայեն այնքան, մինչև որ իրենց պատվերներն իրականանան,- պատասխանեց նա և արձանագրեց,- Քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում հստակ է, նրանք իրենց խոսքի ու քաջության համար են բանտարկվել. սրանից դուրս՝ ամեն ինչ դիմակահանդես է, որ Փաշինյանն ու իր ընկերները փաթաթել են մեր ժողովրդի գլխին ու այնպես են ձևացնում, որ իրենք ժողովրդավարության իմիտացիայով կարող են առաջ գնալ: Բայց այս կեղծիքը երկար չի տևի. ամեն մարդ պատասխան կտա ոչ միայն պատմության առջև, այլև մեր ժողովրդի»:
Հարցին էլ՝ թե երբ և որ դեպքում է ակնկալում այս ամենի ավարտը, սփյուռքահայ գործիչը պատասխանեց՝ դրա առաջին նախապայմանն իշխանությունների հեռացումն է:
«Մեր պատմության մեջ չեմ հանդիպել նմանօրինակ այլանդակություն, երբ ամբողջ ժողովուրդը կարող է մեկ անձ ձեռքի վրա ֆռռացնել, և այդ ժողովուրդը այս կամ այն պատճառով՝ արդարացի կամ ոչ, ընդունում է՝ իբրև հալած յուղ,- պարզաբանեց Մհեր Գարագաշյանը և ընդգծեց,- Կա՛մ ազգովի պատրաստ կլինենք իսկական հեղափոխության, կա՛մ այս ողբերգությունը կշարունակվի»: