Իրանում առաջին անգամ միաժամանակ ուղեծիր է արձակվել 3 արբանյակ
Իրանում առաջին անգամ ուղեծիր է արձակվել միաժամանակ երեք արբանյակ։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է IRNA գործակալությունը։
«Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի նախօրեին Իրանը հաջողությամբ տիեզերք է արձակել հայրենական արտադրության երեք արբանյակ՝ օգտագործելով «Սիմուրղ» հրթիռակիրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը «Մահդա» կոչվող թեթև արբանյակի և երկու նանոարբանյակների մասին է։
«Մահդա» արբանյակը մշակվել է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Իսկ «Սիմուրղ»-ը երկաստիճան հեղուկ վառելիքով գործող հրթիռակիր է, որը ստեղծվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից։