Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին․ ինչո՞ւ է այն շրջանցում ռազմական ոլորտը
Նախօրեին աշխատանքային այցով Վրաստան մեկնեց Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանում նա առանձնազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։
Սակայն այցի նորությունը, թերևս, այն էր, որ Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր։
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին այդ մասին հայտարարեցին, երբ Թբիլիսիում ավարտվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Թե ինչ է ենթադրում այս նոր համագործակցությունը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին չմանրամասնեցին։ Սակայն հռչակագրից խոսեցին։
«Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց՝ իր վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել միջպետական սահմանի սահմանազատման աշխատանքը ավարտին հասցնելու ուղղությամբ: Վրաստանի վարչապետն էլ ընդգծեց, թե Հայաստանի հետ փաստացի ռազմավարական գործընկերներ են, այսօր պաշտոնապես դա հաստատվեց: Հայ-վրացական հարաբերություններին ռազմավարական գործընկերությունը ներառում է տասնյակից ավելի ոլորտներ, որոնցում, սակայն, ռազմական ոլորտը չկա։ Մինչդեռ Ադրբեջանի հետ մոտ երկու ամիս առաջ քննարկվել էր ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը:
2023թ․ նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում էր տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև, որի ընթացքում քննարկվել էին երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի էր ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել էր 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Բացի ռազմավարական հռչակագրի ստորագրումը, երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը խոսել էր հայ-ադրբեջանական գործընթացից։
Նա մասնավորապես ասել էր, թե հույս ունի, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացն ավարտին կհասնի:
«Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- ասել է Փաշինյանը Վրաստանում։
Տարածաշրջանում խաղաղության հաստատումից է խոսել նաև Վրաստանի վարչապետը՝ վստահեցնելով, որ պատրաստ են այդ հարցում ներդրում ունենալ:
«Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, և ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը, անխոս, կնպաստի խաղաղությանը, ինչը, մեկ անգամ ևս կրկնում եմ, կարևոր է մեր երկրների և մեր ազգերի համար»,- իր հերթին՝ ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Գնահատելով այցի արդյունքները՝ վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հռչակագրի ստորագրումը հայ-վրացական հարաբերություններում նույնիսկ ուշացած հանգրվան է։
Սակայն փորձագետը համարում է, որ դա երևի թե ունի բացատրություն։
«Հայ-վրացական հարաբերությունները վստահության մեծ բաղադրիչ ունեն, սակայն քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտում ողջ ներուժն իրացված չէ, որի ուղղությամբ պետք է մտածել, քանի որ դա մեծ բացթողում է երկկողմ հարաբերություններում, պայմանավորված Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներով և դրանից բխող ամրագրված փաստաթղթերով ու պարտավորություններով։
Ներկայումս տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հայտարարություններ են անում ԵՄ-ի հետ մերձենալու մասին, կարծում եմ՝ սա ևս նպաստել է ՀՀ-Վրաստան այս հռչակագրի կազմմանը։ Սակայն այս հռչակագիրը կարող էր վերաբերել նաև ռազմական ոլորտին, որը երևի թե տեղի չի ունենում այն պատճառով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։ Իսկ Վրաստանը գտնվելով ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին գտնվող երկիր՝ չափազանց զգուշավոր է նմանատիպ հարցերում հատկապես ներկայումս՝ ՌԴ-Արևմուտք այս ճգնաժամային իրավիճակի ֆոնին։ Չնայած այդ զգուշավորությանը, Վրաստանը, միևնույն է, ունեցավ խնդիրներ ԵՄ-ի հետ, ԵՄ-ի ակնկալիքները Վրաստանից չարդարացան, քանի որ Վրաստանը չմիացավ պատժամիջոցներին»,- նման կարծիք հայտնեց Իրակլի Մենաղարիշվիլին։
Նա գտնում է, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստան-Ադրբեջան ռազմական գործընկերությունը շարունակում է և խորանում է այն պատճառով, որ Ադրբեջանը չեզոք երկիր է, Վրաստանը մտավախություններ չունի, որ Արևմուտքի համար խնդիր կլինի Վրաստան-Ադրբեջան համագործակցությունն այդ ոլորտում, իսկ Հայաստանի իրավիճակն այլ է։ «Այնուամենայնիվ հայտնի չէ նաև, թե արդյոք կողմերի մոտ կա՞ ցանկություն այս ոլորտում համագործակցելու, սակայն դա, կարծում եմ, կարևոր է Հայաստանի ու Վրաստանի համար, սա կարևոր է նաև ռեգիոնալ բալանսի տեսանկյունից»,- նկատեց վերլուծաբանը։
Վրացի վերլուծաբանը կարծում է նաև, որ և՛ Փաշինյանի, և՛ Ղարիբաշվիլիի կողմից անդրադարձը ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացին պատահական չէր։
«Վրաստանը շարունակում է պահեստային տարբերակ լինել՝ որպես միջնորդ։ Ներկայումս չկա բանակցային գործընթաց, հայտարարվում է, որ պատճառն ընտրություններն են, բայց, բացի ընտրություններից, կան լուրջ տարաձայնություններ, ռազմատենչ նոր հայտարարություններ, և կարծում եմ՝ ընտրություններից հետո բանակցային նոր փուլի շուրջ ակտիվ միջնորդական ներգրավվածություն է սկսվելու Արևմուտքի կողմից։ Որպես հնարավոր տարբերակ, կարծում եմ, դիտարկվում է նաև Վրաստանը, որի մասին խոսվեց նաև Ալիևի Վրաստան կատարած այցի ժամանակ»,- ասաց նա։