«Որևէ մեկը չի կարող պաշտպանել Հայաստանը, եթե քաղբանտարկյալներ լինեն բանտերում». Մուրադ Փափազյան
«Փաստը ցույց տվեց, որ արդարադատությունը կարող է անկախ լինել»,- 168.am-ի հետ զրույցում Վարչական դատարանի կողմից նաև իրեն առնչվող որոշմանն այսպես է արձագանքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:
Հիշեցնենք՝ Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։
Սփյուռքահայ գործիչը դատարանի որոշումը կարևորեց նաև միջազգային իրողությունների տեսանկյունից՝ նկատելով, որ միջազգային ընտանիքի մոտ լուրջ կասկած կա՝ արդյո՞ք Հայաստանի արդարադատությունն անկախ է:
«Եվ երբ ինձ առնչվող այս դրվագը տեղի ունեցավ, անշուշտ, քաղաքական աշխարհը տեղեկացավ այստեղ՝ նախագահ, վարչապետ, արտգործնախարար, պատգամավորներ և այլն: Ու նույնիսկ, եթե ես չէի խոսում այս հարցի մասին, քանի որ ամաչում էի, որ ՀՀ կառավարությունը կարող էր նման որոշում կիրառել իմ նկատմամբ, իրենք տեղյակ էին, և երբ մենք միասին խոսում էինք այդ հարցի մասին, ես չէի ուզում շարունակել խոսակցությունը, որովհետև ես նկատում էի, որ այդ հարցը սևացնում էր Հայաստանը, մինչդեռ իմ նպատակը Ֆրանսիայում և Սփյուռքում այն է, որ փայլեցնեմ Հայաստանը, որպեսզի լուրջ տարբերություններ լինեն դիկտատորական Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Ուզում եմ նաև դատավորի կեցվածքը գնահատել, որ նման որոշում կարողացավ կայացնել արդարադատությունը՝ հույսով, որ ԱԱԾ-ն չի բողոքարկի: Հակառակ պարագայում՝ կնշանակի, որ այս պատմությունը կերկարի, և այդ ժամանակ շատ լուրջ հակաքարոզչություն կտանեմ այս կառավարության դեմ, ինչը չեմ ուզում»,- մանրամասնեց նա:
Արդյո՞ք այս որոշումը նախադեպ կդառնա այլ գործերի պարագայում. արդյո՞ք քաղբանտարկյալները, որոնց մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարբեր հարթակներում, կարող են ակնկալել, որ կլինի իշխանություններից անկախ արդարադատություն:
«Հայաստանում այսօր պետք է ընդհանուր գիտակցում լինի, որ եթե ՀՀ-ն ուզում է զարգանալ միջազգային ընտանիքի մեջ, այս դժվար օրերում տարբերություններ արձանագրել Ադրբեջանի հանդեպ, պետք է թույլ տա, որ ժողովրդավարական իրականությունը զարգանա:
Միջազգային տարբեր գործակալություններ ու կառույցներ տեսնում են, թե ինչ է կատարվում երկրներում. բոլորը շատ լավ գիտեն, որ մի քանի անձերի մուտքն արգելվեց, որ քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանի բանտերի մեջ, որ արդարադատությունը միշտ չէ, որ անկախ է կառավարությունից: Բայց իմ դեպքը ցույց տվեց, որ արդարադատությունը կարող է անկախ լինել»,- շեշտեց Մուրադ Փափազյանը՝ արդարադատության համակարգի ծառայողներին հիշեցնելով, որ իրենց անձնական, պրոֆեսիոնալ դերը լուրջ և դրական արժեք կարող է ունենալ ՀՀ ապագայի ու միջազգային պատկերի համար:
Նա հույս ունի, որ այս որոշումն ինչ-որ առումով օրինակ և սկիզբ կլինի Հայաստանի՝ իբրև ժողովրդավարական երկիր, ներկայանալու ճանապարհին:
«Ճիշտ չէ, որ քաղաքական բանտարկյալներ լինեն բանտերում, և որևէ մեկը չի կարող պաշտպանել Հայաստանը, եթե քաղբանտարկյալներ լինեն բանտերում»,- ամփոփեց սփյուռքահայ գործիչը: