ՏՏ-ում աշխատատեղերը փակվում են
Ստեղծված նպաստավոր պայմաններում մի պահ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատատեղերի ակտիվ աճը դադարել է։ Ավելին, աշխատատեղերը, իշխանությունների հայտարարած ռազմավարական այս ճյուղում, սկսել են փակվել։
Այդ միտումը նկատվեց մասնավորապես նախորդ տարվա վերջին ամիսներին։
ՏՏ-ում զբաղվածների քանակը հոկտեմբերին գրեթե դադարեց ավելանալ, արդեն նոյեմբերին արձանագրվեց աշխատատեղերի կրճատում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա նոյեմբերին ՏՏ-ում զբաղված է եղել 32 հազար 21 մարդ, որից 31 հազար 720-ը՝ մասնավոր հատվածում։
Պետականում զբաղվածների քանակն ընդհանուրի մեջ շատ փոքր է՝ ընդամենը 301-ը։
Ընդ որում, պետականում զբաղվածներն ավելացել են։ Մեկ տարի առաջ դրանք 123-ն էին, դարձել են 301-ը։
Բայց այստեղ պետական հատվածում զբաղվածները չեն, որ եղանակ են ստեղծում։
Եղանակ ստեղծողը մասնավոր հատվածն է, որտեղ կենտրոնացված է աշխատողների 99 տոկոսից ավելին, և, որի վրա հիմնված է ճյուղի՝ ինչպես առաջընթացը, այնպես էլ՝ զարգացումը։
Մասնավորում է, որ տեղի է ունեցել աշխատողների կրճատումը, շատ ավելի մեծ քանակությամբ, քան պետականում արձանագրված ավելացումն է։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում զբաղված աշխատողների քանակն անցած տարվա նոյեմբերին կրճատվել է 831-ով։ Մեկ տարի առաջվա համեմատ՝ այդքան աշխատատեղ փակվել է։
Քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր թեև ֆորմալ առումով համարվում են աշխատող, այնուհանդերձ ծրագրեր չեն կարողանում գտնել։ Պատվերները նվազել են։
ՏՏ-ում աշխատատեղերի փակումը կապված է ոչ միայն՝ պատվերների, այլև՝ այն հանգամանքի հետ, որ անցած տարի դրսից այստեղ տեղափոխվածները սկսել են հեռանալ։ Խոսքը, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, Հայաստան եկածների, նաև բիզնեսով եկածների մասին է։ Որոշ ժամանակ Հայաստանում մնալուց հետո նրանք աստիճանաբար հեռանում են՝ տեղափոխվելով այլ երկրներ և աշխատելու ու ապրելու համար ավելի հարմար վայրեր։
Այդպես էլ իշխանություններին չհաջողվեց նրանց պահել Հայաստանում։
Խոսելուց բացի, դրա համար գրեթե ոչինչ չկարողացան անել։ Ավելին, իրենց գործողություններով ու իրականացված քաղաքականությամբ, դրսևորած անհանդուրժողականությամբ՝ մի բան էլ խթանեցին, որպեսզի նրանք հեռանան Հայաստանից։
Տնտեսական առումով Հայաստանում տեղափոխված բիզնեսի ու մասնագետների համար աշխատելու պայմաններն այդպես էլ չբարելավվեցին։
Առաջինը, որը խոչընդոտ դարձավ ՏՏ մասնագետների հեռանալու համար, չափից շատ ամրապնդված ազգային արժույթն էր։ Այն էական ազդեցություն ունեցավ ճյուղի և ընդհանրապես այստեղ զբաղվածների ֆինանսական վիճակի վրա։ Ու չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը որոշեց պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ու փոխհատուցում տրամադրել ոլորտի ընկերություններին, դրանից, ինչպես տեսնում ենք, իրավիճակը շատ չփոխվեց։ Հատկապես որ, առանձին դեպքերում թիրախները, մեղմ ասած, ճիշտ չէին ընտրված։
Եղան կազմակերպություններ, որոնք գումարները ստացան, հետո փակվեցին կամ դադարեցրին իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ պետական բյուջեի միջոցները փոշիացվեցին՝ չծառայելով իրենց նպատակին։
Հայաստանից հեռանալու պատճառներից մեկն էլ ապրելու ոչ հարմար պայմաններն են. ոչ միայն բարձր վարձակալության գները, այլև կյանքի թանկությունը։
Որքան էլ պաշտոնապես մեզ մոտ գնաճ չկա կամ շատ ցածր է, Հայաստանը բազմաթիվ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների մակարդակով՝ դարձել է շատ թանկ երկիր, ինչը կասկածի տակ է դնում ցածր ու արդյունավետ կառավարվող գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի ու կառավարության հնչեցրած հայտարարությունները։
Երևանում ապրելն ավելի թանկ է, քան հարևան երկրներում։ Նույնիսկ Մոսկվայում ապրելն է ավելի էժան, քան Երևանում։ Ոչ միայն վարձակալության, այլև սպառողական ապրանքների գներն են Երևանում ավելի բարձր, քան Մոսկվայում։
Այս պայմանները, բնականաբար, չէին կարող ձեռնտու լինել Հայաստան տեղափոխվածներին։ Հատկապես որ, հարևան երկրում պայմանները շատ ավելի նպաստավոր էին ապրելու և աշխատելու համար։
Պատահական չէ, որ Վրաստանում շատ ավելի ռուսական ընկերություններ են բացվել, քան Հայաստանում, չնայած Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն տնտեսական տարածքում, իսկ Վրաստանը՝ ոչ։
Սրանք դարձան այն հիմնական պատճառները, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները սկսեցին հեռանալ։ Որոշակի դեր կատարեցին նաև իշխանությունների հակառուսական տրամադրությունները։
Այս ամենի ազդեցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն նկատելի է։ Այդ միտումն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կշարունակի խորանալ։
Այստեղ նաև աշխատավարձերի աճի տեմպերն են կտրուկ ընկել։ Եթե 2022թ. դրանք հասնում էին ընդհուպ 35-40 տոկոսի, ապա անցած տարի սահմանափակվեցին 4-5 տոկոսով։
Անցած տարվա վերջին ամիսներին աշխատատեղերի կրճատման միտում նկատվեց ոչ միայն ՏՏ-ում, այլև տնտեսության այլ հատվածներում։
Նվազում սկսվեց առևտրում։ Արդեն նոյեմբերին այստեղ ավելի քան 1000-ով պակաս մարդ էր զբաղված, քան մեկ տարի առաջ։ Այն պարագայում, երբ առևտրի ոլորտում տարեվերջին պաշտոնական վիճակագրությունն անհամեմատ ավելի բարձր ակտիվություն էր գրանցում։
Աշխատատեղերի կրճատում է արձանագրվել նաև սպասարկման և ծառայությունների ոլորտներում։ Տարվա կտրվածքով՝ տարբերությունն անցնում է 600-ից։
Հիշեցնենք, որ ինչպես առևտրում, այնպես էլ ծառայություններում աշխատատեղերի ավելացումները կապված էին հիմնականում արտաքին պահանջարկի հետ։ Պահանջարկի կրճատմանը զուգահեռ, կրճատվում են նաև աշխատատեղերը։
Աշխատատեղերի բավական մեծ կրճատում է գրանցվել անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում։ Ավելի քան 10 տոկոսի նվազում կա։
Նվազել է նաև էներգետիկայում ու ջրային համակարգերում զբաղվածների քանակը. տարբերությունը 8-9 տոկոսի է հասնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ