Բաժիններ՝

Առաջավորաց պահքի բարեկենդան

Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է:

Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ պահքին և հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այս պահքը հայոց առաջին պահքն է, այդ պատճառով էլ կոչվում է Առաջավորաց:

Ըստ ավանդության՝ Առաջավորաց պահքն առնչվում է Ս. Գրիգոր Լուսավորչի քարոզչության և հայոց դարձի հետ: Վերջինս հաստատեց առաջին շաբաթապահքը՝ ի հիշատակ հեթանոսության խավարից մեր ազատագրման:

Առաջավորաց պահքը տարբերվում է մյուս պահքերից, քանի որ միակ պահքն է, որի ընթացքում Աստվածաշնչից ընթերցանություն չկա, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար հիշատակվում է նաև Ադամի անկումը, իսկ Ադամի ժամանակ Գիրք և մարգարեներ չկային: Առաջին չորս օրերին ոչինչ չի ընթերցվում, իսկ հինգերորդ՝ ուրբաթ օրը, նվիրված է Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակին և ընթերցվում է Հովնան մարգարեի գիրքը: Ժողովուրդն այս պահքը երբեմն սխալմամբ անվանում է Ս. Սարգսի պահք: Սակայն այն Ս. Սարգսի հետ ոչ մի առնչություն չունի, պարզապես Առաջավորաց պահքին հաջորդում է Ս. Սարգսի տոնը:

Կարդացեք նաև

Ինչպես յուրաքանչյուր պահքի շրջան, այնպես էլ Առաջավորաց պահքի օրերն առիթ են մեզ խորհրդածելու մեր երկրային կյանքի մասին, կարևոր նախահիմք է հոգևոր արթնության հասնելու և ապաշխարության արժանի պտուղներ արարելու համար: Եվ ինչպես ավետարանիչն է ասում. «Այսուհետև գործո՛վ ցույց տվեք, որ ապաշխարել եք» (Մատթեոս 3:8): Այսպես պահքը հանգեցնում է ապաշխարության՝ նպաստելով սրտի սրբագործմանը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս