
Ստոլտենբերգը հույս ունի, որ Հունգարիան շուտով կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի պատրաստակամությունը՝ հավանություն տալու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Ես ողջունում եմ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա կառավարության աջակցության հստակ ուղերձը: Հուսով եմ, որ Հունգարիան կվավերացնի (Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին)», – հունվարի 26-ին ասել է գլխավոր քարտուղարը:
«Այս շաբաթ ավելի վաղ ես խոսեցի Օրբանի հետ, և նա հստակորեն նշեց, որ աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ հենց խորհրդարանը վերադառնա (արձակուրդից), նա նույնպես կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին», – հավելել է Ստոլտենբերգը։
Հունգարիայի խորհրդարանն աշխատանքի է վերադառնալու փետրվարի վերջին։
Ստոլտենբերգը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ դաշինքին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար։
«Շվեդիայի միանալը ուժ կհաղորդի ամբողջ դաշինքին», – հայտարարել է Ստոլտենբերգը: